ՉԼ.  Փյունիկը ցավալի պարտություն կրեց Դյուդելանժի դեմ խաղում🎥

ՉԼ. Փյունիկը ցավալի պարտություն կրեց Դյուդելանժի դեմ խաղում🎥

19/07/2022 - 21:55

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» դեմ։

Հյուրերը բավական ակտիվ էին մեկնարկել հանդիպումն ու շատ արագ կարող էին բացել հաշիվը, սակայն դրվագներից երկուսում «Փյունիկին» փրկեց դարպասաձողը։

«Փյունիկը» քիչ-քիչ հավասարեցրեց խաղն ու սկսեց տիրել նախաձեռնությանը` ստեղծելով մի շարք գոլային պահեր, սակայն Լուկա Յուրիչիչը երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից։

26-րդ րոպեին աչքի ընկնելուն էլ մոտ էր Յուսուֆ Օդուբանջոն, ով փորձեց աչքի ընկնել պտտեցրած հարվածով, սակայն այն շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկն էլ անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն ժամանակի ընթացքում «Դյուդելանժն» առավելություն ստացավ ու սկսեց ավելի վտանգավոր գրոհել։

Հյուրերը 72-րդ րոպեին կտրուկ գրոհ զարգացրին հարձակման ձախ եզրում, որն Արտակ Դաշյանը սեփական տուգանային հրապարակում կանգնեցրեց միայն Սամիր Հաջիի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման գնով, ինչից հետո գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսոնը «Փյունիկի» դարպասին 11-մետրանոց նշանակեց։

Գնդակին մոտեցավ հենց Հաջին, ով էլ դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Բաց թողած գնդակը կարծես թեթևաթափ արեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին, որոնց գրոհները չունեին նախկին սրությունն ու միտքը։

Խաղավերջում նոր դարպասի գրավումներ չարձանագրվեցին. «Փյունիկը» պարտվեց 0:1 հաշվով։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին` «Դյուդելանժի» հարկի տակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022