Նարեկ Աղասարյան․ «Կուռքս Մեսսին է․ կուզեմ խաղալ «Ատլետիկո Մադրիդում»

Նարեկ Աղասարյան․ «Կուռքս Մեսսին է․ կուզեմ խաղալ «Ատլետիկո Մադրիդում»

24/11/2022 - 15:36

«Ուրարտուն» լավ է մեկնարկել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան։ Թիմի հաջողությունների մեջ առանձնահատուկ դեր ունի հենակետային կիսապաշտպան, 21-ամյա Նարեկ Աղասարյանը, ում հետ զրույցում շատ հետաքրքիր մանրամասներ իմացանք։

—Նարեկ, Դուք և Ձեր թիմը հրաշալի եք մեկնարկել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում։ Մտածո՞ւմ էիք, որ «Ուրարտուն» այս տարի այսպես կմտնի չեմպիոնական պայքարի մեջ և, ընդհանրապես, կլինի առաջին հորիզոնականում։

Համաձայն եմ, որ լավ ենք մեկնարկել, բայց դա պատահական չէ, որովհետև լավ էինք պատրաստվել, լավ հավաք էինք անցկացրել ու շատ օգտակար…և այո մենք ցանկանում էինք լինել չեմպիոնական պայքարում։

—Գունկոյի գալով` թիմում շատ փոփոխություններ եղան։ Խաղային առումով «Ուրարտուն» շատ ավելի որակյալ ֆուտբոլ է խաղում։ Ո՞րն է թիմի հաջողության բանալին։

Մեր թիմում երիտասարդները շատ են, և մեր թիմը կարողանում է շատ լավ, ինտենսիվ ֆուտբոլ խաղալ։ Կարծում եմ՝ դա շատ է օգնում մեզ դրական արդյունքների հասնել։ Գունկոի գալով՝ սկսել ենք շատ ավելի շատ ուշադրություն դարձնել պրեսսինգին և օգտագործել դա։ Խաղում ենք ուղղահայաց և ագրեսիվ ֆուտբոլ։

—Չեմպիոն դառնալու ճանապարհին դեռ բազում փորձություններ կլինեն։ Բայց ամեն խաղից առաջ պետք է հաղթելու մոտիվացիա։ Ո՞րն է թիմի մոտիվացիան։

Չեմպիոն դառնալու մոտիվացիան, կարծում եմ, բավական ուժեղ մոտիվացիա է, և գիտակցում ենք, որ ամեն միավոր կարևոր է։ Բայց դեռ առաջնության կեսն է անցել, և կարծում եմ, որ դժվար ու հետաքրքիր խաղերը առջևում են։

—Դուք Ձեր կարիերայում խաղացել եք միայն «Ուրարտուում» և շատ հաճախ հիմնական կազմում եք խաղացել։ Խաղային ո՞ր որակներն եք Ձեր մեջ համարում բացառիկ։

Ինձ թվում է, որ խաղընկերներս և մարզիչները ավելի հստակ կպատասխանեն այդ հարցին…

—Նախորդ մրցաշրջանում թիմը մարզում էր Ռոբերտ Արզումանյանը, ով նախապատվություն էր տալիս, հատկապես, երիտասարդ խաղացողներին։ Այսօրվա «Ուրարտուի» հաջողությունների հիմքը, կարո՞ղ ենք ասել, որ հենց Ռոբերտ Արզումանյանը դրեց։

Միանշանակ Արզումանյանի գործոնը կա, և նրա հետ էլ է կապված մեր հաջողությունները։ Մենք նախորդ տարի էլ շատ լավ ֆուտբոլ էինք խաղում, սակայն արդյունքի տեսանկյունից դա չէր երևում, բայց թիմը լավ ֆուտբոլ էր խաղում։

—Այս մրցաշրջանում Դուք, իսկապես, լավ եք խաղում, բայց, ցավոք, չհրավիրվեցիք Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Դե, հավանաբար, բավարար լավ հանդես չեմ գալիս և այդ պատճառով չեմ հրավիրվել, բայց ամեն ինչ կանեմ, որ հետագայում հրավիրվեմ։

—Դուք խաղում եք կիսապաշտպանության գոտում։ Կա՞ կամ եղե՞լ է այնպիսի կիսապաշտպան հայկական թիմերում, ում խաղով հիացել եք։

Ո՛չ, անկեղծ ասած՝ հայկական թիմերում չի եղել այնպիսի կիսապաշտպան, ում խաղով հիանամ, բայց լավ ֆուտբոլիստներ եղել են ու հիմա էլ կան։

—Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում Ձեզ համար ամենադժվար ֆուտբոլիստը ո՞վ է, ում դեմ խաղացել եք։

Ամենաբարդ մրցակիցը եղել է, հավանաբար, Հուգո Ֆիրմինիոն, ում դեմ խաղացել եմ նախորդ մրցաշրջանում։

—Ո՞րն է Ձեր կյանքի ամենահիշարժան խաղը և ինչո՞ւ։

Ամենհիշարժան խաղը սլովենական «Մարիբորի» դեմ խաղն է եղել Կոնֆերենցիաների Լիգայում նախորդ տարվա հուլիսի 15-ին, քանի որ առաջին անգամ էի դաշտ դուրս եկել նման մրցաշարի շրջանակում և էմոցիաներս լեցուն էին։

—Ո՞րն է Ձեր ֆուտբոլային գլխավոր նպատակը։

Նպատակս ֆուտբոլային եվրոպական ուժեղ առաջնություններում խաղալն է…

—Հնարավորության դեպքում եվրոպական ո՞ր ակումբում կուզեիք խաղալ։

Որ ակումբում կուզեի խաղալ․․․«Ատլետիկո Մադրիդում»։

—Ո՞վ է եղել Ձեր ֆուտբոլային կուռքը։

Կուռքս Մեսսին է, իսկ իմ դիրքի խաղացողներից՝ Սերխիո Բուսկետսը։

—Աշխարհի առաջնությունն է ընթանում, ի՞նչ կասեք առաջնության անցկացման վերաբերյալ։ Ո՞ր թիմին եք երկրպագում։

Երկրպագում եմ Արգենտինայի և Դանիայի հավաքականներին։

—Եվ, վերջում։ Ի՞նչ խորհուրդ կտաք երեխաներին, ովքեր ուզում են ֆուտբոլիստը դառնալ։

Երեխաներին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին և հոգեբանորեն ուժեղ լինել…

Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022