Հայաստանի ազգային հավաքականին գլխավոր մարզիչ է պետք․ ո՞վ կարող է ստանձնել թիմի ղեկը

Հայաստանի ազգային հավաքականին գլխավոր մարզիչ է պետք․ ո՞վ կարող է ստանձնել թիմի ղեկը

24/11/2022 - 15:05

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դեռևս չունի գլխավոր մարզիչ։ Վերջին երկու ընկերական խաղերի արդյունքները (Կոսովո 2-2 Հայաստան, և Ալբանիա 2-0 Հայաստան) ցույց տվեցին, որ մեզ մի նոր մարզիչ է հարկավոր, ոչ թե մեկամյա ծրագրերի, այլ մի քանի տարվա համար։ Կան մարզիչներ, ովքեր չեն ստանում շատ բարձր աշխատավարձ, գիտեն, թե ինչպես աշխատել մեր պես հավաքականների հետ և, իհարկե, գիտեն, թե ինչպես դնել նպատակ ու իրականացնել դրանք։

Էրիկ Համրեն

Շատերիդ անծանոթ թվացող այս մարզիչը Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականի նախկին և դանիական «Օլբորգի» ներկայիս մարզիչն է։  65-ամյա շվեդ մասնագետը շատ հետաքրքիր խաղ է ներդնում թիմում։ Ճիշտ է, նրա թիմը Դանիայի Սուպերլիգայում նախավերջին հորիզոնականում է այժմ, բայց նա գիտի ինչպես մարզել հավաքական։

Համրենի մարզչական կարիերան շատ վաղուց է սկսվել` 1982 թվականից, երբ նա` որպես մարզիչ, գլխավորեց շվեդական «Սունդսվալ» ակումբի մանկապատանեկան թիմը, այնուհետև տեղափոխվեց գլխավոր թիմ։ Նա թիմերի մակարդակով մարզել է մեզ համեմատաբար ծանոթ շվեդական ԱԻԿ-ը (1995-97 թվականներ), «Ռուսենբորգը» (2008-10 թվականներ), «Օլբորգը» (2004-08 թվականներ և 2022-ից մինչև հիմա): Նա ակումբային մակարդակում մեծ հաջողությունների այդքան էլ չի հասել, բայց պետք է փաստել, որ նրա կարիերան ստացված է հավաքականների մակարդակով։

Համրենը գլխավորել է Շվեդիայի ազգային հավաքականը 2009-16 թվականներին և այդ ընթացքում հասցրել է 2 անգամ դուրս բերել շվեդներին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Նա մարզել է նաև Իսլանդիայի ընտրանին (2018-2020 թվականներ) և չափազանց մոտ էր Եվրոպայի առաջնություն դուրս գալուն։ Նրանք գերլարված պայքարում անցումային խաղի շրջանակում պարտվեցին Հունգարիային` խաղավերջում բաց թողնելով 2 գնդակ (2-1): Նա մարզչական հարուստ կարիերա ունի, ինչը արդեն փաստեցինք, բայց դրանով միայն հավաքական մարզելը ու հաջողելը դեռևս ոչինչ չի նշանակում, ուստի խոսենք նրա խաղային ձեռագրի, փիլիսոփայության ու ոճի մասին։

Էրիկ Համրենի հիմնական խաղային ձեռագիրը 4-2-3-1-ն է, սակայն այս տարի «Օլբորգը» մեկ այլ` 3-4-3 սխեմայով սկսեց գործել։ Համրենը նախընտրում է խաղալ ժամանակ առ ժամանակ բարձր պրեսինգով, որը թույլ է տալիս համեմատաբար շատ գնդակներ խլել մրցակիցներից հենց իրենց տուգանային հրապարակում։

Համրենի թիմերը խաղում են երկրորդ համարով և բարձրից փոխանցումներով։ Նրանք ամուր թիմային պաշտպանություն ունեն և պաշտպանվելիս վինգերները հիմնականում պաշտպանական գործուղություններով են աչքի ընկնում։ Խաղում են երեք շերտով պաշտպանությամբ, այն է` ենթահարձակվողը, կենտրոնական հարձակվողի հետ միանալով, սկսում է դաշտի կենտրոնական հատվածում պրեսինգի ենթարկել գրոհ սկսող ֆուտբոլիստներին, վինգերները և հենակետայինները պաշտպանության գոտում խաղացող 4 ֆուտբոլիստների հետ աքցանի մեջ են առնում մրցակցի հարձակվողներին և կիսապաշտպաններին` թույլ չտալով նրանց գնդակ ընդունել, իսկ ընդունելու դեպքում`թույլ չտալ շրջվել։

Համրենը նախընտրում է ոչ թե անհատական պաշտպանությամբ խաղալը, այլ տարածության վրա. սա մեզ կօգնի այնքանով, որ մենք թիմային պաշտպանություն ենք կառուցելու և անհատապես մենք հզոր ֆուտբոլիստների դեմ չենք կարող պաշտպանվել։ Համրենի թիմերը արագ հակագրոհներ են իրականացնում. գրոհները հիմնականում սկսում են պաշտպանության գոտում խաղացողները, ովքեր պետք է և պարտավոր են առաջին փոխանցումը ճշգրիտ կատարել։

Մեր թիմում կան և կլինեն այդպիսի խաղացողներ, իհարկե։ Արման Ղազարյանը այդ առումով լավ տարբերակ է, Հովհաննես Համբարձումյանը ևս։ Վարազդատ Հարոյանը խաղային այս հատկանիշը բարելավելու դեպքում կարող է վտանգավոր փոխանցումներ կատարել թե՛ բարձրից, թե՛ ցածրից։ Բարձրից փոխանցումը` բարձրից փոխանցում, բայց նրա թիմերում խաղացող վինգերները արագավազ պիտի լինեն։

Մեր հավաքականում, այո՛, կան այսպիսիք` հանձինս Տիգրան Բարսեղյանի, Ժիրայր Շաղոյանի, Նարեկ Գրիգորյանի։ Համրենի թիմերում ընդգծված առաջատարներ չեն եղել` բացառությամբ Իբրահիմովիչի, ով Շվեդիայի կազմում էր տոն տալիս, հատկապես, 2009-16 թվականներին։ Տուգանային և անկյունային հարվածները Համրենի թիմի համար խնդիր չեն եղել։ Չեն եղել, գուցե այն պատճառով, որ իր թիմերում հիմնականում բարձրահասակ ֆուտբոլիստներ են խաղացել։ Մեր թիմի աքիլեսյան գարշապարը նաև տուգանային հարվածներն ու անկյունայիններն են թե՛ իրացնելը, թե՛ դրանց ժամանակ պաշտպանվելը։ Սա խնդիր է եղել մեր բոլոր մարզիչների համար, բայց, միգուցե, Համրենը կկարողանա լուծել այդ խնդիրը։

Էրիկ Համրենի` մարզիչ լինելը կարևորվում է այնքանով, որ նա իր կարիերայի սկզբնական փուլում մարզել է նաև մանկապատանեկան թիմեր, այսինքն` գիտի ինչպես աշխատել երիտասարդ խաղացողների հետ, իսկ մեր հավաքականում տաղանդավոր երիտասարդները, իհարկե, շատ են։ Նրանց աճի ու զարգացման համար Համրենը վատ տարբերակ չի լինի։ Մեկ այլ գործոն ևս պետք է հաշվի առնել։ Նրա ամսական միջին աշխատավարձը 125-150 հազար եվրո է, տարեկան`1.5-1.8 մլն եվրո։ Հեռահար նպատակների համար Էրիկ Համրեն մարզիչը լավ տարբերակ կարող է լինել, ուստի ՀՖՖ-ն նրան ևս ուշադրություն պետք է դարձնի, քանի որ այս ամռանն ավարտվում է նրա մեկ տարվա պայմանագիրը «Օլբորգի» հետ։

Սամվել Մխիթարյան

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022