Կապառոս. «Տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը»

Կապառոս. «Տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը»

27/09/2022 - 12:01

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։

Դուբլինի «Ավիվա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

– Արդյո՞ք կարող եք վաղը կրկնել այն ,ինչ արեցիք Երևանում Իռլանդիայի դեմ խաղում:


– Հենց դրա համար էլ եկել ենք: Վաղը մենք երկու կարևոր նպատակ ունենք: Առաջինն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որ ստեղծվել են վերջին խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին:
Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղը այս խմբում, որը բավականին բարդ խումբ է: Սակայն հասել ենք վերջին խաղին և ունենք մաթեմատիկական շանսեր մեր տեղը պահպանելու համար: Գիտենք, որ Իռլանդիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է և խաղում է սեփական հարկի տակ, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակին:

– Եթե դուք հաղթեք, կստիպեք Իռլանդիայի հավաքականին լքել B լիգան և տեղափոխվել  C լիգա: Արդյո՞ք դա այն է, ինչ ուզում եք անել:


– Իհարկե, այո:

– Երկրպագուների և լրագրողների արձագանքը Ուկրաինայի դեմ խաղից հետո բավականին բացասական էր: Արդյո՞ք Դուք դա զգում եք և արդյո՞ք զգում եք ճնշում Ձեզ վրա այդ խաղից հետո:
– Իհարկե մեր երկրպագուները շատ մեծ ցավ ապրեցին, ինչպես նաև բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, բոլորը: Մենք այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի դեմ հանդիպումից հետո և ապացուցել, որ մենք բավականին մրցունակ թիմ ենք և արժանի ենք նրան, որ հանդես գանք այսպիսի բարդ խմբում:

– Ճի՞շտ է, որ Հարոյանն ու Սպերցյանը վաղը կվերադառնան որակազրկումից հետո և արդյո՞ք կազմում ունեք վնասվածքներ, թե՞ ոչ:


– Բնականաբար երկուսն էլ վերադարձել են: Հարոյանը թիմի ավագն է և իր բնավորությամբ և անհատականությամբ շատ մեծ նշանակություն ունի մեր թիմի համար և ընդհանրապես խաղի վրա շատ մեծ ազդեցություն ունի: Սպերցյանը այն ֆուտբոլիստն է, որը շատ տաղանդավոր է և դեռ շատ աճելու տեղ ունի: Մենք հուսով ենք, որ երկուսն էլ վաղը դաշտ դուրս կգան:
Ինչ վերաբերում է վնասվածքներին, ապա, բարեբախտաբար, վնասվածքներ չունենք:

– Արդյո՞ք սա Ձեր վերջին խաղն է հավաքականի ղեկին և եթե այդպես է, Դուք ունե՞ք ինչ-որ բան ապացուցելու և հեռանալու բարձր նոտայով:


– Իրականում իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի վերջին, և տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը: Բնականաբար ոչ միայն մարզչական շտաբը, այլև բոլորն են ցանկանում լավ հանդիպում անցկացնել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի իր տեղը այս խմբում: Սակայն սպասենք վաղվան և տեսնենք, թե ինչ տեղի կունենա:


– Ես հասկանում եմ, որ մարզիչը իսպանացի է և միգուցե չհիշի, բայց արդյո՞ք նա տեղյակ է 2011 թվականին այստեղ կայացած հանդիպումից, երբ բավականին ծանր խաղ ստացվեց հավաքականի համար, և արդյո՞ք վաղվա հանդիպումը կարող է լինել ռևանշի հասնելու հնարավորություն ձեր թիմի համար:


– Ինչ խոսք, ես գիտեմ պատմությունը և գիտեմ նաև այն, որ իսպանացի մրցավար էր սպասարկում այդ հանդիպումը, քանի որ այդ մրցավարի հետ ընկերական հարաբերություններ ունենք:
Բայց դա արդեն պատմություն է, տեսնենք, թե ինչ կլինի վաղը:

Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022