Կապառոս. «Մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի»

Կապառոս. «Մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի»

24/09/2022 - 11:07

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին սեփական հարկի տակ կմրցի Ուկրաինայի ընտրանու դեմ։

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամամակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

– Արդյո՞ք հետևում եք Արթուր Քարտաշյանի խաղին, ով հանդես է գալիս Կիպրոսում և մշտապես խաղաժամանակ է ստանում իր ակումբում և բավականին լավ է խաղում։ Եվ ինչո՞ւ նա չի հրավիրվել ազգային հավաքական։
– Որովհետև այս երկու խաղերի համար ես նպատակահարմար գտա հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնք հրավիրված են։ Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Իսկ եթե կոնկրետ պատասխան եք ցանկանում, ապա ասեմ, որ այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները իմ կարծիքով ավելի ուժեղ են։

– Պարոն Կապառոս, ինչու՞ Սարգիս Ադամյանը, ով միակ հայ ֆուտբոլիստն է, ով հանդես է գալիս թոփ-5 առաջնություններում, չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։ Կնշե՞ք պատճառը։
– Սաքոն այն տղան է, որին բոլորս սիրում և գնահատում ենք, բայց եթե ուզում եք կոնկրետ պատասխան ստանալ, ապա նրա բացակայության պատճառը հենց ինքն է։ Եթե ավելի կոնկրետ եք ուզում իմանալ, զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ։  

– Օրեր առաջ մեր ապագա մրցակից Ուկրաինան հանդիպեց Շոտլանդիայի հետ և պարտվեց 0։3 հաշվով։ Ի՞նչ տպավորություն ստացաք կոնկրետ մեր ապագա մրցակցից այդ խաղում և ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա հանդիպումից։
– Այո՛, դիտել եմ հանդիպումը և շատ բարձր կարծիք ունեմ Ուկրաինայի հավաքականի մասին։ Կարելի է ասել, որ մենք իրոք բարդ խմբում ենք հայտնվել։

– Մխիթարյանի հեռանալուց հետո նրա ֆունկցիաները խաղադաշտում մեծամասամբ կատարում էր Էդուարդ Սպերցյանը։ Այս խաղում նա էլ չկա։ Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը։
– Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որն անընդհատ առաջադիմում է։ Սակայն շատ լավ գիտակցում էինք, որ դեղին քարտից հետո չէինք կարող այս խաղում նրա հետ հույսեր կապել։ Վստահ եմ, որ այն ֆուտբոլիստը, որը կփոխարինի Սպերցյանին, շատ լավ կդրսևորի իրեն և կնպաստի նրան, որ մեր երկրպագուներին ուրախություն պարգևենք։

– Դուք եղել եք առաջին մարզիչը, որը Սպերցյանին հրավիրել է հավաքական և շարունակելով Սպերցյանի թեման՝ նախ կխնդրեի գնահատել նրա առաջընթացը, որպես նրա մարզիչ։ Եվ ի՞նչ եք կարծում, նա արդեն պատրա՞ստ է խաղալ եվրոպական թոփ-5 լիգաներում։
– Շատ լավ առաջընթաց է գրանցում Սպերցյանը, հոգեբանորեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Այժմ նա ամբողջությամբ պատրաստ է հանդես գալ Եվրոպայում։

– Նախկինում պարբերաբար ներկա էիք գտնվում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Իսկ հիմա տրիբունաներում Ձեզ չենք տեսնում։ Արդյո՞ք դա պայմանավորված է այն փաստով, որ Ձեր պայմանագրի ժամկետը լրանում է։ Եվ հարցի մյուս մասը։ Ազգերի լիգայի ավարտից հետո, եթե ՀՖՖ-ն ցանկանա շարունակել Ձեզ հետ համագործակցությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը։  
– Հայաստան գալուցս ի վեր ես միշտ ներկա եմ եղել Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Երևի թե միայն վերջին 1 կամ մեկուկես ամսվա ընթացքում շատ չեմ եղել մարզադաշտերում։ 2-րդ հարցին կպատասխանեմ միայն՝ Ուկրաինա, Ուկրաինա, Ուկրաինա։

– Պարոն Կապառոս, խոսեցինք այն մասին, որ բացակայելու են որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Էդուարդ Սպերցյանը։ Ունենք Հովհաննես Հարությունյան, որը հիանալի մրցելույթներ է ունենում Կոնֆերենցիաների լիգայում «Փյունիկի» կազմում։ Կարծում եմ խաղային մեծ աճ է գրանցել վերջին ժամանակաշրջանում։ Կուզեի լսել Ձեր կարծիքը։
– Լավ է խաղում, դրա համար էլ այստեղ է։ Քանի որ ակումբում իրեն լավ է դրսևորում, այդ պատճառով էլ հրավիրվել է։ Խոսքս գնում է ոչ միայն այս հավաքի մասին, նախկինում ևս նա հրավիրվել է մեր կողմից։

– Ուկրաինայի խաղի հետ կապված քանի՞ խաղային պլան ունեք։ Ի՞նչ եք կարծում ինչի՞ շնորհիվ մենք պետք է հաղթենք, քանի որ չունենք գոլ խփող ֆուտբոլիստ առաջնագծում։
– Ուկրաինան շատ լավ թիմ է, մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, եթե ցանկանում ենք լավ արդյունքի հասնել։

– Գո՞հ եք այս փուլում Ձեր գլխավորությամբ մեր հավաքականի գրանցած արդյունքներից, և մի՞թե սա է Ձեր մաքսիմումը։
– Որևէ մեկը պարտվելիս չի կարող գոհ լինել։ Բայց ես այն մարզիչներից չեմ, որը մշտապես արդարացումներ է փնտրում։ Երբեք իմ կարիերայի ընթացքում նման բան չեմ արել։ Սակայն ունենք այն միավորները, ինչ ունենք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022