Կազեմիրոն շատ մոտ է կարիերան անգլիական գրանդի կազմում շարունակելուն

Կազեմիրոն շատ մոտ է կարիերան անգլիական գրանդի կազմում շարունակելուն

19/08/2022 - 11:21

«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը ձախողելուց հետո այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել են Կազմեիրոյին ձեռք բերելու ուղղությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 18-ին մանկունյական ակումբն ակտիվ բանակցություններ է վարել ինչպես «Ռեալ Մադրիդի», այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, որոնք բավական լավ են անցնել։

Հաղորդվում է, որ «Յունայթեդը» օգոստոսի 19-ին գործարքի դիմաց «արքայական» ակումբին առաջին պաշտոնական առաջարկը կկատարի։

Սպասվում է, որ մանկունյական ակումբը «սերուցքայիններին» կառաջարկի 60 մլն եվրո երաշխավորված գումար, որին հետագայում, հավելավճարների տեսքով կավելանա ևս 10 մլն եվրո։

Նշվում է նաև, որ առաջիկա ժամերին 30-ամյա ֆուտբոլիսն իր ապագայի վերաբերյալ քննարկում կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։

Ռոմանոն հաստատում է, որ «Պապա Կառլոն» ցանկանում է, որպեսզի բրազիլացի կիսապաշտպանը չհեռանա «արքայական» ակումբից, քանի որ նրա տաղանդի մեծ երկրպագուն է։

Բացի դրանից, իտալացի մասնագետը Կազեմիրոյի համարում է մադրիդյան ակումբի մեկնարկային ֆուտբոլիստ։

Այդուհանդերձ, Անչելոտին թույլ է տալու Կազեմիրոյին իր ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել և վերջնական խոսքը բրազիլացի ֆուտբոլիստինն է լինելու։

«Յունայթեդն» էլ անում է ամեն ինչ` գործարքն առաջիկա 48 ժամվա ընթացքում ավարտին հասցնելու համար, որպեսզի Կազեմիրոն որքան հնարավոր է շուտ բուժզննում անցնի «կարմիր սատանաների» համար, ստորագրի պայմանագիրն ու միանա ակումբի մարզումային խմբին։

Սակայն, եթե նույնիսկ գործարքը կայանա այսօր` օգոստոսի 19-ին, Կազեմիրոյի մասնակցությունն անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում օգոստոսի 22-ին «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպմանը բացառված է։

Ըստ Ռոմանոյի տեղեկությունների` «Ռեալը» Կազեմիրոյին փոխարինելու համար դիտարկում է «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի թեկնածությունը, սակայն «կաչաղակները» մտադիր չեն վաճառել իրենց առաջատարներից մեկին և նրան համարում են անձեռնմխելի ֆուտբոլիստ։

Դրան զուգահեռ, ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել Կազեմիրոյի հետ, իսկ նրա աշխատավարձը լինելու է տարեկան 18 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թ. հուլիսից` անցկացրած 336 խաղում դառնալով 31 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022