Երբ ստիպված ես լինում վճարել մի ամբողջ ակումբի երազանքներով. Ի՞նչ արեց Չելոյանցը

Երբ ստիպված ես լինում վճարել մի ամբողջ ակումբի երազանքներով. Ի՞նչ արեց Չելոյանցը

23/04/2019 - 09:10

«Բանանցը» չի մասնակցել Հայաստանի Գավաթի խաղարկության կիսարեզրափակչի պատասխան հանդիպմանը «Լոռիի» դեմ (առաջին հանդիպումը՝ 0:0) և բնական է՝ տեխնիկական հաղթանակով «Լոռին» դուրս կգա եզրափակիչ: «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը հայտարարեց, որ թիմը չի մասնակցի հանդիպմանը և շնորհավորեց «Լոռիին» եզրափակիչ անցնելու համար: Վերջ: Թերևս այսքանը: Փորձենք հասկանալ ինչո՞ւ:

Խոսվում է այն մասին, որ Չելոյանցը այդպիսով իր բողոքն է արտահայտել մրցավարներին: Միայն Չելոյանցը գիտի՝ ընդհանուր առմամբ, հայ մրցավարներից է դժգոհ և այդկերպ իր բողոքն է բարձրաձայնում, թե խոսքը կոնկրետ այդ անձնակազմի մասին է: Ի դեպ, այն գլխավորում էր Գևորգ Եղոյանը:

Կարևոր հանգամանք է այն, որ «Բանանցը» ավելի վաղ հնարավորություն ունեցել է իմանալ, թե ովքեր են սպասարկելու հանդիպումը: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը երեկ՝ ապրիլի 22-ին՝ ժամը 09:57 հրապարակել է ինֆորմացիան: Այստեղից կարելի է ենթադրել, որ «Բանանցի» սեփականատիրոջ բողոքը շատ ավելի խորը արմատներ ունի: Չելոյանցը դժգոհ էր մրցավարությունից ապրիլի 15-ին «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը:

Հարցեր Չելոյանցին

Մշտապես կարևորվել է այն հանգամանքը, թե ինչ են մտածում հայկական ֆուտբոլի մասին ակումբների սեփականատերերը, տնօրենները և իհարկե մարզիչները: «Բանանցի» «բախտը» գլխավոր մարզչի հարցում բերել է: Իլշատ Ֆայզուլին. համեստագույն մարզիչ, լավ մասնագետ, իր գործի գիտակ և պարզապես հիշատակման արժանի՝ հիանալի զրուցակից գրեթե բոլորի համար:

Հարց 1. Արդյո՞ք Չելոյանցը լսել է իր թիմի գլխավոր մարզիչ Ֆայզուլինի կարծիքը: Հաշվի առնվե՞լ են ֆուտբոլիստների կարծիքները:

«Բանանցը» ամենայն լրջությամբ է պատրաստվել այս մրցաշրջանին: Ճիշտ է՝ հենց մեկնարկում եղավ գլխավոր մարզչի փոփոխություն (Արամ Ոսկանյան-Իլշատ Ֆայզուլին), բայց թիմի խաղը աստիճանաբար առաջադիմեց և «Բանանցը» լրջագույն պայքարի մեջ է Բարձրագույն խմբում և էր Գավաթի խաղարկությունում: Ավելորդ է անգամ ևս մեկ անգամ ընդգծել, թե ինչպիսի երազանք է Հայաստանի Գավաթը «Բանանցի» ֆուտբոլիստների, մարզիչների և ամբողջ անձնակազմի համար: Փաստացի, այդ մարդիկ ստիպված են ցավալիորեն լքել պայքարը:

Կարևոր հանգամանք է այն, որ հենց «Բանանցի» մարզաբազայի հիմնական ստադիոնի խոտածածկը վերջերս փոխվել էր , տեղադրվել էր լուսավորություն, իսկ ՀՖՖ-ն որոշել էր Գավաթի եզրափակիչն անցկացնել հենց «Բանանց» ստադիոնում: Վստահ ենք, որ «Բանանցի» բոլոր ֆուտբոլիստները երազանք են ունեցել սեփական ստադիոնում դառնալ գավաթակիր, որի համար հաստատ ամեն ինչի պատրաստ էին…:

Հարց 2. Արդյո՞ք Չելոյանցը կամա, թե ակամա «ջուրը չի գցել» սեփական, կրկնում եմ՝ սեփական ակումբի մարդկանց երազանքները: Կարելի՞ էր արդյոք նման թանկ գին վճարել բողոքի համար:

ՀՖՖ-ն արդեն արձագանքել է միջադեպին՝ տալով կոշտ գնահատական. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ  թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»:

Չգիտենք, թե ինչ կլինի հետո, բայց ՀՖՖ-ի և Ջևան Չելոյանցի հարաբերությունները կարող են սրվել, ինչից կարող է տուժել «Բանանցը» և հայկական ֆուտբոլը:

Վերջաբանի փոխարեն

Անչափ կարևոր հարց է, թե Ֆայզուլինը ինչպես է մոտիվացնելու իր թիմին Բարձրագույն խմբի առաջնության վերջնամասում: «Բանանցը» լուրջ պայքար է մղում մրցանակային տեղերի համար: Միայն առաջիկան կտա շատ հարցերի պատասխաններ: Մի բան հստակ է. բոլոր կողմերը պետք է անպայմանորեն առաջին պլանում դնեն հայկական ֆուտբոլի գործոնը, որի մի մասնիկը այժմ վտանգված է: Տեղի ունեցածը բացասական ազդեցություն կարող է ունենալ առանցքային հարցերում: Պետք է սառը գլխով դատել, քանի որ կա համընդհանուր նպատակ՝ տեսնել առաջադիմող և համերաշխ հայկական ֆուտբոլային ընտանիք:

Արման Առաքելյան

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022