Բերնարդուն Սիթիի ղեկավարությանը հայտնել է, որ հետաքրքրված է Բարսելոնա տեղափոխությամբ

Բերնարդուն Սիթիի ղեկավարությանը հայտնել է, որ հետաքրքրված է Բարսելոնա տեղափոխությամբ

18/06/2022 - 16:43

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը նրան դիտարկում է որպես Ֆրենկի դե Յոնգի փոխարինող, ով մեծ է հավանականությունը, որ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինքը` Սիլվան, մտափոխվել է ապագայի հարցում և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, եթե ստանա լավ առաջարկ։

Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանն օրեր առաջ հայտնել է, որ հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ։

Նշվում է, որ Բերնարդուի շրջապատը «քաղաքաբնակների» վերնախավին թույլ է տվել բանակացություններ վարել «Բարսելոնայի» հետ, եթե կատալոնական ակումբից ստանա որևէ առաջարկ։

Հատկանշական է, որ մանկունյական ակումբի և պորտուգալացի ֆուտբոլիստի միջև որևէ խնդիր չկա. նա պարզապես մտադիր է նոր մարտահրավեր ընդունել և հանդես գա այլ առաջնությունում։

Այդուհանդերձ, «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կտրուկ դեմ է Սիլվայի հեռանալուն, քանի որ պորտուգալացի ֆուտբոլիստը նրա խաղային համակարգի ամենաառանցքային դետալներից մեկն է և նրան համարում է գործնականում անձեռնմխելի ֆուտբոլիստ։

Դրան զուգահեռ, «քաղաքաբնակները» Բերնարդուի վաճառքից մտադիր են վաստակել մոտ 100 մլն եվրո (80+20 մլն)։ Մոտավորապես նույնքան գումար է պահանջում նաև «Բարսելոնան» Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից»։

Այսինքն, եթե «բլաուգրանան» նույնքան գումարի դիմաց վաճառի Դե Յոնգին, ապա կկարողանա բավարարել նաև «Սիթիի» ֆինանսական պահանջներն ու կգնի Բերնարդու Սիլվային։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «Սիթիի» շարքերը համալրել է 2017 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 251 հանդիպում` դառնալով 48 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022