«Բարսան» Պերեսին դատական հայցով է սպառնում` զրպարտչական հայտարարությունների համար
«Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ ակումբը «Ռեալին» նախադատական պարտադիր հաշտեցման պահանջագիր է ներկայացրել։
««Բարսելոնան» տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի դեմ ներկայացրել է նախադատական պարտադիր հաշտեցման պահանջագիր՝ 205-րդ հոդվածով սահմանված զրպարտության հանցակազմի հիմքով քրեական գործ հարուցելու նպատակով։ Այն հիմնված է մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում և հաջորդ օրը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նրա կողմից արված հայտարարությունների հիման վրա։
Այս պահանջագրի նպատակն է, որ Պերեսը հերքի որոշ հայտարարություններ, որոնք նա արել է՝ գիտակցելով դրանց կեղծ լինելը, և որոնք զրպարտչական ու վիրավորական են ակումբի կերպարի և հեղինակության համար։
Պահանջը պատշաճ կերպով չբավարարելու դեպքում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կձեռնարկի համապատասխան քրեական հայց ներկայացնելու գործընթաց»,- նշված է «Բլաուգրանայի» պաշտանական հայտարարության մեջ։
«Ռեալի» նախագահը մայիսի 12-ին հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ «Բարսելոնային» մեղադրել էր մրցավարներին կաշառելու համար։
79-ամյա ֆունկցիոները նշել էր, որ «Նեգրեյրայի գործով» 600-էջանոց հատուկ հաշվետություն է պատրաստվում ներկայացնել ՈՒԵՖԱ-ին` արդարությունը վերականգնելու համար։
«Իմ ղեկավարման շրջանում «Ռեալը» 7 անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն։ Տիտղոսները կարող էին լինել 14-ը։ Դրանք գողացվել են մեզնից»,- հավելել է Պերեսը։
Ըստ Իսպանիայի ԶԼՄ-ների կանոնադրության` նախադատական պարտադիր հաշտեցման պահանջագիրը զրպարտության համար դատարան դիմելուց առաջ կարևոր քայլ է։
Դա մեղադրյալին տրվող վերջին հնարավորությունն է՝ հերքելու կամ ներողություն խնդրելու իր հրապարակային հայտարարությունների համար, որպեսզի գործը չհասնի դատարան։
Եթե այս փուլում «հաշտություն» չլինի, ապա «Բարսելոնան» Պերեսի դեմ դատական գործընթաց սկսելու իրավունք կստանա ու կարող է պահանջել պատասխանատվության ենթարկել նրան։
«Ռեալի» նախագահի մեղքը հաստատվելու դեպքում նրան կարող է սպառնալ 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml