Աշխարհի առաջնության ամենադրամատիկ խաղերից մեկը․ ինչպե՞ս հաղթեց Բելգիան և ինչո՞ւ չհաղթեց Կանադան։

Աշխարհի առաջնության ամենադրամատիկ խաղերից մեկը․ ինչպե՞ս հաղթեց Բելգիան և ինչո՞ւ չհաղթեց Կանադան։

27/11/2022 - 16:23

Աշխարհի առաջնությունը մեր առօրյան է դարձել։ Ամեն օր խաղեր, ամեն օր հաղթանակներ ու պարտություններ։ Աշխարհի այս առաջնությունում արդեն եղել են շատ հետաքրքիր խաղեր ու դեռ կլինեն։ Եկեք վերլուծենք ու հասկանանք, թե ինչպիսի խաղ էր Բելգիա-Կանադա խաղը(1-0)։

Սկսենք Կանադայի անկյունային հարվածից, որը ծնեց 11 մետրանոց, սակայն գնդակը չհայտնվեց Բելգիայի դարպասում։ Կանադան իրացնում է անկյունային հարված, և ուշադրություն դարձրեք Կանադայի 11 համարին՝ Բյուկենենին, ում վերահսկում է բելգիացիների 11 համարը՝ Կարասկոն։

Բյուկենեն անկյունային հարվածից առաջ արագ ազատվում է Կարասկոյից և գնդակ ստանում։ Փոխանցումը հասնում է նպատակակետին․ Բյուկենեն պատրաստվում է հարվածել, իսկ Կարասկոն դեռ իր նախկին տեղում է: Կարասկոյի՝ Բյուկենենին բաց թողնելը 11 մետրանոց բերեց Բելգիայի դարպասին։

Մրցավարները Բյուկենեի հարվածից հետո ՎԱՌ սենյակից լսում են, որ 11 մետրանոց կար։ Ջաննի Սիկազվեն նշանակում է 11 մետրանոց, և նշանակետին է մոտենում թիմի առաջատար Ալֆոնսո Դեյվիսը։ Դեյվիսի հարվածից հետո Կուրտուան հետ է մղում գնդակը, իսկ Կանադայի ֆուտբոլիստները՝ Դեյվիսը և Ջոնաթան Դեյվիդը, հերթ չտալով իրար, միաժամանակ հարվածում են դարպասին, ավելի ճիշտ՝ գնդակն ուղարկում են երկրպագուներին։

Բելգիացիների ամենավտանգավոր գրոհներից մեկը առաջին կեսում եղավ։ Էդեն Ազարը ստանում է գնդակը և փորձում շրջանցել Ալիստեր Ջոնսթոնին։ Կանադացիների համար դժբախտաբար, Ջոնսթոնը սայթաքեց, և Ազարը մեծ հնարավորություն ունեցավ առաջ շարժվելու։ «Ռեալ» Մադրիդի հարձակվող Էդեն Ազարը կարող էր միանգամից սրող փոխանցում կատարել Միշի Բատշուայիին։ Բայց բելգիացին գնդակով առաջ շարժվեց․

Ազարը, տուգանային հրապարակի «շեմին» կանգնած, երկու հրաշալի հնարավորություն ուներ։ Նա կարող էր և՛ փոխանցում կատարել Բատշուայիին, և՛ «Լեսթեր Սիթիի» 25-ամյա կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին։ Տիլեմանսը, ձեռքերը բարձրացրած, վազում էր տուգանային հրապարակ։ Ազարը որոշեց փոխանցել գնդակ պահանջող Տիլեմանսին․

Ինչ ենք տեսնում Ազարի փոխանցումից հետո։ Տիլեմանսը չի կարողանում գնդակը պատշաճ կասեցնել և կոտրում է գրոհի արագությունը, բայց աչք է ծակում կանադացիների պաշտպանությունը։ Միանգամից 4 կանադացի ֆուտբոլիստ, տուգանային հրապարկում կանգնած, հետևում են Տիլեմանսի հետագա գործողությանը։ Նրանք աչքաթող էին արել Բատշուայիին, և Տիլեմանսը, արագ նկատելով ազատ տարածությունը, փոխանցում է։ 

Շատ բան անել չէր մնում մինչ փոխանցումը․ հարվածել և տոնել գոլը, սակայն Բատշուային նախ չափազանց վատ կասեցրեց գնդակը, և հետո Կամել Միլերը հասցրեց արագ վերադասավորվել ու կրճատել տարածությունը։ Բատշուային որոշեց այլ բան մոգոնել․ Դե Բրույնեին փոխանցելու փոխարեն «Ֆեներբահչեի» 29-ամյա հարձակվողը որոշեց հարվածել, բայց Կամել Միլերը հասկացել էր Բատշուայիի մտահղացումը ու փակեց հարվածի ճանապարհը։

Խաղային մեկ այլ դրվագում Բելգիան թերացավ։ Արագ հակագրոհի դուրս եկան Կանադայի հավաքականի ֆուտբոլիստները։ Ալիստեր Ջոնսթոնը շարժվում էր առաջ։ Լեանդեր Դենդոնքերը որոշեց գնալ դեպի կանադացին, սակայն որոշումը ուշացած էր, քանի որ Ջոնսթոնը փոխանցել էր գնդակը Ջոնաթան Դեյվիդին։ Բայց տեսնում ենք, որ պաշտպանության ձախ եզրում Բելգիան ազատ տարածություն է տվել, և ձախ եզր փոխանցելու դեպքում Կանադան երկուսը մեկի դեմ դուրս կգար։

Ալիստեր Ջոնսթոնի փոխանցումը հաջող չէր, և Դեյվիդը եզրագծի մոտ հասցրեց գնդակը ստանալ, բայց անգամ այս սխալ փոխանցման դեպքում Բելգիայի ֆուտբոլիստները չկարողացան արագ վերադասավորվել։ Նախ, հենակետային գոտում պետք է լիներ Ակսել Վիտսելը, բայց քանի որ Կանադայի երկու ֆուտբոլիստ տուգանային հրապարակի կենտրոնում կմնար բելգիացի մեկ ֆուտբոլիստի դեմ, Վիտսելը իրավունք չուներ այդ դիրքը բաց թողնելու։ Դենդոնքերը, ով գնում է Ջոնսթոնի ուղղությամբ, պետք է ավելի շուտ մեկնարկեր և այդպես կասեցներ այդ փոխանցման իրավունքը, սակայն դա էլ չեղավ։

Անգամ այդ փոխանցումից հետո հենակետային դիրքում թիկունքից ֆուտբոլիստ չեկավ և չփակեց այդ դիրքը։ Բելգիայի 1 ֆուտբոլիստը Կանադայի 2 ֆուտբոլիստի դեմ էր։ Եվ Ջոնսթոնը կարող էր այս դիրքում գնդակը փոխանցել, բայց նախընտրեց հարվածել այդ դիրքից, որը բավականին վտանգավոր ստացվեց։ Սակայն, Բելգիան այս գրոհի ընթացքում թերացավ։

Շատ ավելի հետաքրքիր է գոլային դրվագը։ Տեսնում ենք, որ Կարասկոն և Բատշուային սկսում են արագանալ, և Դե Բրույնեն պատրաստվում է փոխանցեել գնդակը առաջ։ Ալիստեր Ջոնսթոնը մարմնով առաջ էր եկել, և կենտրոնական հատվածը, որտեղով գնդակը գնաց Բատշուայիին, մնաց բացը Ջոնսթոնի՝ մարմինը սխալ վերադասավորելու պատճառով։ Հատկանշական է այն, որ Կանադայի պաշտպանները, ովքեր անհատապես հսկում էին Կարասկոյին և Բատշուայիին, բաց էին թողել նրանց։ Գնդակը հասավ 29-ամյա բելգիացուն և նա խոցեց Միլան Բորյանի դարպասը։

Այս դրվագում տեսնում ենք, որ Հատչինսոնը գնդակը փոխանցում է ձախ եզր։ Էդեն Ազարը չգիտես ինչու որոշում է գնալ առաջ։ Կանադան օգտվեց այդ սխալից և պատ խաղարկեց։ Կանադան եզրում քանակական առավելություն ստացավ։ Փոխանցումից հետո մեկ հպումով Ջոնսթոնը գնդակը ուղարկեց Ռիչի Լարեյային։ Ազարի՝ մեկ քայլ առաջ կատարելը նման ազատ տարածություն ստեղծեց։

Ռիչի Լարեյան ուներ այս դրվագում 2 շատ լավ հնարավրություն։ Առաջինի դեպքում նա կարող էր գնդակը տուգանային հրապարակ ուղարկել Բյուկենենին կամ փոխանցել կենտրոն՝ Ջոնաթան Դեյվիդին։ Յան Վերտոնգենը գնում է գնդակի ուղղությամբ և այդպես՝ ազատ գոտի ստեղծելով Դեյվիդի համար։

Այս դրվագում արդեն տեսնում ենք, որ Տոբի Ալդերվեյրելդը արդեն խաղից դուրս է մնացել և փոխանցմանը, իհարկե, չի հասնի։ Լարեյան կարող էր փոխանցել կենտրոն, բայց նա որոշեց ավելի սուր փոխանցում կատարել՝ դեպի Բյուկենենին։ Այս փոխանցումը շատ լավն էր, քանի որ Բյուկենենը դիրքը շահել էր, և դիպուկ հարվածի դեպքում հաշիվը կարող էին հավասարեցնել։ Բայց փոխանցումը չափազանց բարձր ստացվեց։

Խաղավարտի ամենավտանգավոր գրոհներից մեկը ևս Կանադան անցկացրեց։ Հարձակման աջ եզրից գնդակը բարձրից պատրաստվում է տուգանային հրապարակ ուղարկել Ալիստեր Ջոնսթոնը։ Կանադայի 4 ֆուտբոլիստ արագանում է տուգանային հրապարակ։ Տիմոտի Կաստանը արդեն կորցրել էր դիրքը։ Այս պարագայում Կանադան կրկին քանակական առավելություն է ստանում։

Փոխանցումից հետո ինչ ենք տեսնում․ Ջունյոր Հոյլեթը բարձրից եկող գնդակի համար պայքարում հաղթում է Վերտոնգենին և Ալդերվեյրելդին և հարվածում, բայց եթե գնդակը նրա գլխից սահեր և գնար 11 մետրանոցի նշանակետի մոտ, ապա Կանադայի երկու ֆուտբոլիստ հարվածային դիրքում էին մնալու, ու այստեղ կրկին քանակական առավելություն ունեցավ Կանադան։ 

Խաղում շատ կարևոր է նաև վիճակագրությունը։ Կանադան բացարձակ առավելություն ուներ հարվածների տեսանկյունից։ Նրանք 21 հարված էին կատարել, որից, ինչքան էլ զարմանալի լինի, ընդամենը 4-ն է եղել դարպասին։ Բելգիան 9 հարված է կատարել, որից 3-ը՝ դարպասին։ Խաղում ամենաշատ փոխանցումը կատարել էր Տոբի Ալդերվեյրելդը(76), իսկ դեպի տուգանային հրապարակ փոխանցումներով Կևին դե Բրույնեն էր լավագույնը(6)։ Ջոնաթան Դեյվիդը ամենաշատ գոլային հնարավորություն ունեցած ֆուտբոլիստն է եղել։ Նա 7 անգամ է հարվածել դարպասին։ Տիբո Կուրտուան ևս այդ խաղում փայլեց։ Նա կանխել է 21 գոլային հնարավորություն։

Բելգիա-Կանադա խաղը բաց, դիտարժան և դասագրքային խաղերից էր։ Նման խաղերը զարդարում են Աշխարհի առաջնությունը։ Հուսով ենք, որ այս տարի մենք դեռ բազում այսպիսի խաղերի ենք ականատես լինելու։

Սամվել Մխիթարյան

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022