Արգենտինան նոր հերոս ունի! Մարտինեսը 3 11-մետրանոց հետ մղեց` «ալբիսելեստեին» դուրս բերելով Կոպայի եզրափակիչ 🎥
Կոպա Ամերիկայի շրջանակում հուլիսի 7-ին` վաղ առավոտյան, կայացավ նաև մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը. միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականները։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին արգենտինացիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին հարվածային դիրք դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին, ով էլ մեկ հպումով կատարած հարվածով դարձավ գոլի հեղինակ։
Բաց թողած գոլից հետո հանդիպման նախաձեռնությունն անցավ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստների ձեռքը, ովքեր նախքան ընդմիջման գնալը մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին։
Արդեն 9-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Խուան Կուադրադոն, սակայն նրա հարվածից հետո «ալբիսելեստեին» փրկեց դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
37-րդ ու 38-րդ րոպեներին էլ իրար հաջորդած գրոհների ընթացքում շատ մոտ էին աչքի ընկնելուն համապատասխանաբար Վիլմար Բարիոսն ու Յերի Մինան, սակայն երկու դեպքում էլ գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին Արգենտինայի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկը հիմնականում անցնում էր հանգիստ պայքարում, սակայն 61-րդ րոպեին Էդվին Կարդոնան հիանալի «կտրող» փոխանցում կատարեց դեպի Լուիս Դիասը, վերջինս էլ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և սուր անկյան տակ գրավեց Մարտինեսի դարպասը` հավասարեցնելով խաղի հաշիվը։
Խաղավարտին մոտ հաղթանակի նժարն իր կողմը թեքելուն ավելի մոտ էին Լիոնել Սկալոնիի սաները. 72-րդ րոպեին Լեո Մեսսին ու Լաուտարո Մարտինեսը, օգտվելով մրցակցի պաշտպանության թույլ տված սխալից, մեն-մենակ մնացին Դավիդ Օսպինայի դիմաց։ Մեսսին Լաուտարոյին դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց, սակայն նրա հարվածից հետո գնդակը դարպասային գծի վրայից հեռացրեց Վիլմար Բարիոսը, իսկ Մեսսիի հարվածը բարձր ստացվեց։
82-րդ րոպեին դարպասաձողին հարվածելու հերթը Լեո Մեսսիինն էր, ինչից հետո Ռեյնալդո Ռուեդայի սաները կրկին փրկվեցին։
Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակում կողմերին չհաջողվեց կորզել հաղթանակ, իսկ եզրափակչի ուղեգրին որոշելու համար նրանք իրացրին 11-մետրանոց հարվածներ։
«Ալբիսելեստեի» դարպասպաահ Էմիլիանո Մարտինեսը պարզապես փայլեց և հետ մղեց մրցակցի 3 հարված. նշակետից վրիպեցին Դավինսոն Սանչեսը, Յերի Մինան ու Էդվին Կարդոնան։
Այդ վրիպումներն էլ ճակատագրական եղան Կոլումբիայի հավաքականի համար, քանի որ արգենտինացիներն իրենց 4 հարվածներից 3-ը դիպուկ իրացրին և մեծ դժվարությամբ հաղթեցին կոլումբացիներին։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը նվաճեց Կոպա Ամերիկայի եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Բրազիլիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին` Երևանի ժամանակով 04:00-ից սկսած։
Կոլումբիան ու Պերուն էլ հուլիսի 10-ին կխաղարկեն մրցաշարի բրոնզե մեդալները։ Այդ հանդիպման մեկնարկը նույնպես նախատեսված է Երևանի ժամանակով առավոտյան 04:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Դավիդ Օսպինա, Էմիլիանո Մարտինես, Լաուտարո Մարտինես, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Լուիս Դիաս, Խուան Կուադրադո, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Յերի Մինա, Ռեյնալդո Ռուեդա, Վիլմար Բարիոս