Սլովակիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Լեհաստանին 🎥
Եվրո-2020-ի E խմբի շրջանակում Լեհաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց Սլովակիայի ընտրանու դեմ։
Որքան էլ զարմանալի է, հանդիպումը մեկնարկեց սլովակների առավելությամբ, ովքեր արդեն 14-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Օնդրժեյ Դուդայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, Ստեֆան Տարկովիչի սաները 18-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Ռոբերտ Մակը հարձակման ձախ եզրով գեղեցիկ անցում ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց, ինչից հետո լեհերի դարպասապահ Վոյցեխ Շյեսնին անհաջող գործեց, իսկ գնդակը հայտնվեց դարպասում։
Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց 31-ամյա դարպասահի անվան դիմաց։
Նախքան ընդմիջման գնալը Լեհաստանի հավաքականն ունեցավ մեկ իրական գոլային պահ, սակայն Մացեյ Ռիբուսի կատարած գլխով հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։
Հատկանշական է, որ ողջ առաջին կեսում ընդամենը մեկ դիպուկ հարված եղավ, որն էլ ավարտվեց գոլով, իսկ կողմերն ընդմիջման գնացին Սլովակիայի հավաքականի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 46-րդ րոպեին, Լեհաստանի հավաքականը կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով, հավասարեցրեց խաղի հաշիվը. բազմաքայլ գրոհը եզրափակեց Կարոլ Լինետին։
Թվում էր` խփած գոլից հետո Պաուլու Սոոուզայի սաները կբեկեն հանդիպման ընթացքը, սակայն 62-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը, ստալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։
Ստանալով քանակական առավելություն` սլովակները կրկին մեծացրին ճնշումը և 69-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը։
Խաղավարտին մոտ լեհերը ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին, և Սլովալիայի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը` այս խաղում հաղթելով կատարելով ընդամենը երկու դիպուկ հարված։
Այսպիսով, Սլովակիայի հավաքականը 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ և միանգամից գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գժեգոժ Կրիխովյակ, ԵՎՐՈ-2020, Լեհաստանի հավաքական, Կարոլ Լինետի, Միլան Շկրինյար, Շտեֆան Տարկովիչ, Պաուլու Սոուզա, Ռոբերտ Մակ, Սլովան Լիբերեց