Զիդանը հեռանում է Ռեալից. կողմերը շուտով հանդես կգան հայտարարությամբ
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիացի մասնագետն այդ մասին 26-ին տեղեկացրել է այն մարդկանց, ովքեր աշխատում են մադրիդյան ակումբում իր և ֆուտբոլիստների հետ։ Նա նրանց ասել է, որ 100-տոկոսով հեռանալու է։
48-ամյա մասնագետը դեռևս պետք է զրուցի «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, իսկ իր որոշման մասին կհայտարարի առաջիկա ժամերին։
Ռոմանոն ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում ևս մեկ գրառում է կատարել.
««Ռեալն» ու Զինեդին Զիդանն առաջիկա ժամերին/օրերին հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ` հայտարարելով, որ նրանց ճանապարհները բաժանվում են։ Զիդանը միանշանակ հեռանում է։
«Ռեալը» մարտ ամսից ուղիղ կապի մեջ է Մասիմիլանո Ալեգրիի հետ, սակայն այժմ նա բանակցում է նաև ու «Յուվենտուսի» ու «Ինտերի» հետ»։
Այսպիսով, Զինեդին Զիդանն իր մարզչական կարիերայի ընթացքում որոշել է երկրորդ անգամ հեռանալ «Ռեալից»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2016 թ. հունվարին։ Նա այդ ժամանակ «սերուցքայինների» ղեկին աշխատեց մինչև 2018 թվականի հունիս, սակայն 2019 թ. մարտին կրկին դարձավ հարազատ ակումբի գլխավոր մարզիչը։
«Ռեալը» ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս` այդ թվում երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Մասիմիլիանո-Ալեգրի, Ռեալ Մադրիդ