Հայաստանի հավաքականը ծանր պայքարում հաղթեց Լիխտենշտեյնին🎥
Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում՝ հյուրընկալվելիս մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մեր տղաների բացահայտ առավելությամբ, ովքեր, բառի ամենաուղիղ իմաստով, ոչ մի րոպե չէին դադարում ճնշել մրցակցին։
Չնայած հսկայական առավելությանը՝ Հայաստանի հավաքականը բազում գոլային պահեր փչացրեց նախքան ընդմիջման գնալը։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Հովհաննես Համբարձումյանը, Խորեն Բայրամյանը, Արտակ Գրիգորյանը, երկու անգամ՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և այլ ֆուտբոլիստներ։
Ամեն դեպքում, Լիխտենշտեյնի հավաքականը դիմացավ մեր տղաների հսկայական ճնշմանը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ ոչինչ չփոխվեց․ մեր տղաները գրոհում էին, իսկ տանտերերն՝ անձնուրաց պաշտպանվում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Խոակին Կապառոսը դաշտ դուրս բերեց Ալեքսանդր Կարապետյանին, ով միանգամից աչքի ընկնելու հնարավորություն ուներ, սակայն 33-ամյա հարձակվողի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։
Ընդհանրապես, պետք է նշենք նաև, որ մարզական բախտն ինչ-որ տեղ երես էր թեքել մեր հավաքականի տղաներից, քանի որ որոշ դրվագներում գնդակը պարզապես հրաշքով չէր հայտնվում Բենջամին Բուխելի պաշտպանած դարպասում։
Երկրորդ կեսում էլ բազում գոլային պահեր ունեինք, սակայն նպաստավոր դիրքից վրիպեցին նույն Ալեքսանդր Կարապետյանը, Սարգիս Ադամյանը։
Ժամանակն անցնում էր, իսկ այդքան ցանկալի գոլը չկար ու չկար։
Մեր հավաքականն ամենաիրական գոլային պահը ստեղծեց 81-րդ րոպեին, երբ Սարգիս Ադամյանն ու Տիգրան Բարսեղյանը «խաղացին», ինչ արդյունքում վերջինս դուրս եկավ հարվածային դիրք և ձախ ոտքով պտտեցրած հարված կատարեց, սակայն այս անգամ էլ Բուխելը փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Ի վերջո, երկար տառապանքներից հետո, մեր հավաքականը բացեց խաղի հաշիվը։ 85-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի՝ աջ եզրից իրացրած տուգանային հարվածից հետո Լիխտենշտեյնի հավաքականի պաշտպան Նոա Ֆրոմելտն անզգուշաբար գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Մեր տղաները խփած գոլից հետո էլ խաղի նախաձեռնությունը պահում էին իրենց ձեռքում և հանդիպումը մոտեցրին հաղթական ավարտին։
Միայն նշենք, որ Հայաստանի հավաքականի առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։ Մեր տղաները ողջ հանդիպման ընթացքում գնդակին տիրում էին ժամանակի 70 %-ը, կատարել են 24 հարված, որոնցից 6-ը եղել է դիպուկ, իրացրել են 9 անկյունային հարված, ինչպես նաև անցկացրել են 100 վտանգավոր գրոհ։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեց հաղթանակով։
J խմբի զուգահեռաբար ընթացած խաղերում՝ Գերմանիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն, իսկ Ռումինիան՝ 3։2 հաշվով Հյուսիսային Մակեդոնիային։
Մեր խմբում Գերմանիայի, Հայաստանի ու Ռումինիայի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր, իսկ մյուս հավաքականները դեռ միավորներ չունեն
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր-Կարապետյան, Արտակ Գրիգորյան, Բենջամին Բուխել, Լիխտենշտեյն-Հայաստան, Խոակին Կապարոս, Խորեն Բայրամյան, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Սարգիս-Ադամյան, Տիգրան-Բարսեղյան