FA cup. Չելսին գրագետ խաղով դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի 1/4 եզրափակչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարով, սակայն տանտերերն աստիճանաբար խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին՝ հայտնվելով թելադրողի դերում։
Իրենց հերթին, «Շեֆիլդի» տղաներն առաջին խաղակեսում գնդակը զիջել էին «Չելսիին» (70%), սակայն նպաստավոր պահերին կարողանում էին հակագրոհել՝ լուրջ անհանգստություն պատճառելով մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին։
Մինչ առաջին խաղակեսի ավարտ հյուրերը 3 հարված կատարեցին «կապույտների» դարպասին, որոնք թեև դիպուկ էին, սակայն ոչ գոլային։
Իր հերթին, «Չելսիի» 3 հարվածներից միայն մեկն էր դիպուկ և կրկին ոչ արդյունավետ, սակայն կողմերն ընդմիջման գնացին Թոմաս Տուխելի սաների առավելությամբ 1։0 հաշվով։
Բանն այն է, որ հանդիպման 24-րդ րոպեին «ազնվականների» հերթական գրոհներից մեկի ժամանակ անզգուշաբար գնդակը սեփական դարպասն ուղարկեց «Շեֆիլդի» կիսապաշտպան Օլիվեր Նորվուդը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին տանտերերը և արդեն 47-րդ րոպեին կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Քրիստիան Պուլիշիչի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց «Շեֆիլդի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը։
Երկրորդ խաղակեսի միջնամասում (68-րդ և 69-րդ րոպե) իրար հետևից երկու անգամ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ձեռքից բաց թողեցին «Շեֆիլդի» ֆուտբոլիստներ Դևիդ Մաքգոլդրիկը և Օլիվեր ՄաքԲերնին։ Առաջին դրվագում գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով, իսկ երկրորդ հարվածի ժամանակ իր թիմին վերահաս գոլից փրկեց «ազնվականների» դարպասապահ Կեպա Արիսաբալագան։
Այս դրվագներից հետո «Չելսին» փորձեց կրկին խաղի ղեկն իր ձեռքում վերցնել՝ զրկելով մրցակցին վտանգավոր գրոհներ զարգացնելու հնարավորությունից։ Մյուս կողմից Տուխելի տղաները դեմ չէին ևս մեկ արդյունավետ գրոհով դնել հանդիպման վերջակետը, ինչն անել նրանց հաջողվեց։
Հանդիպման 90+2-րդ րոպեին փոխարինման մտած Հակիմ Զիեշը խփեց «Չելսիի» 2-րդ գնդակը և տվեց հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը
«Չելսին» գրագետ խաղի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Շեֆիլդին» և ապահովեց իր տեղը Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում։
Թոմաս Տուխելի՝ «Չելսին» գլխավորեցուց ի վեր թիմն անց է կացրել 14 հանդիպում՝ տոնելով 10 հաղթանակ, ևս 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Թիմը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը։
Հիշեցնենք, որ մինչ այս կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Սաութհեմպտոնը» և «Մանչեսթեր Սիթին»։
# Fa cup, Արոն Ռեմսդեյլ, Դևիդ Մաքգոլդրիկ, Թոմաս ՏՈւխել, Կեպա Արիսաբալագա, Հակիմ-Զիեշ, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Քրիստիան Պուլիշիչ