Նապոլին դրամատիկ խաղում լքում է պայքարը․ Գրանադան հրաշք է գործում🎥
Եվրոպա լիգայի 2020-21 մրցաշրջանի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Գրանադային»։ Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր իսպանական ակումբի հաղթանակով 2։0 հաշվով։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին տանտերերը և արդեն 3-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը։ Տեմուե Բակայոկոյի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց գրանցեց «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին՝ 1։0։
Եվս մեկ գնդակ, և Ջենարո Գատուզոյի սաները կվերականգնեին ընդհանուր դիմակայության հաշիվը, սակայն հյուրերը մտադիր չէին իրադարձությունների նման զարգացմանը և արդեն 5-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը, բայց գոլը չգրանցվեց, քանի որ Անտոնիո Պուերտասն այդ դրվագում խաղից դուրս վիճակում էր։
Այնուամենայնիվ, հանդիպման 25-րդ րոպեին իսպանական ակումբի տղաներին հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվել անել 5-րդ րոպեին։ Դիմիտրի Ֆուլկեի փոխանցումը գոլով եզրափակեց Անխել Մոնտորոն՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, և կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը կրկին ակտիվ մեկնարկեցին Ջենարո Գատուզոյի սաները, իսկ նեապոլիտանական ակումբի հաջորդ գոլը երկար չսպասեցրեց իրեն։ 59-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն նպաստավոր դիրք դուրս բերեց Ֆաբիան Ռուիսին, ով էլ իր հերթին կրկին առաջ մղեց տանտերերին։
Ակնհայտ էր, որ 2։1 հաշիվը չէր կարող բավարարել «երկնագույններին», որոնք մեկը մյուսի հետևից վտանգավոր հարվածներ տեղացին «Գրանդայի» դարպասին, սակայն Դրիս Մերտենսի և Ֆաբիան Ռուիսի հարվածներից հետո գնդակը փոքր շեղությամբ հատեց խաղադաշտի դիմային գիծը, իսկ 71-րդ րոպեին Բակայոկոյի գոլի դրվագում հանդիպման գլխավոր մրցավարը կանոնների խախտում նկատեց և չեղարկեց այն։
Տպավորություն էր, որ երկրորդ խաղակեսում ընդամենը մեկ թիմ է խաղադաշտում, քանզի տանտերերն ունեին տարածքային հսկայական առավելություն և մեկ տասնյակից ավել հարված էին կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն իտալական ակումբի ֆուտբոլիստներին ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել Ռուի Սիլվայի պաշտպանած դարպասի բանալին։
Միայն երկրորդ խաղակեսում «Նապոլին» մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 16 հարված, որոնցից 5-ը՝ դիպուկ, իրացրեց 7 անկյունային հարված, գնդակին էլ տիրում էր ժամանակի 70%-ը, սակայն ավելին անել Գատուզոյի թիմին չհաջողվեց։ Նրանց անհրաժեշտ էր խփել ևս երկու գնդակ։
Խաղն այդպես էլ ավարտվեց 2։1 հաշվով, ինչը նշանակում է, որ ընդհանուր դիմակայությունում «Գրանադան» հաղթեց 3։2 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Մոնտորո, Գրանադա, Դրիս Մերտենս, Եվրոպա-լիգա, Լորենցո Ինսինե, Նապոլի, Պյոտր Զելինսկի, Ջենարո Գատուզո, Տեմուե Բակայոկո, Ֆաբիան Ռուիս