Ֆուտզալ․ Ռուսաստան – Հայաստան հանդիպմանն ընդառաջ
Այսօր՝ հունվարի 29-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսում է պայքարը 2022 թվականին Նիդեռլանդներում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլում։
Մեր տղաները որակավորման խմբային փուլում ընգրկված են 2-րդ խմբում, որտեղ մրցելու ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաև Վրաստանի հավաքականների։
Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում Մոսկվայում կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուսաստանի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով։
Տեսանյութը՝ «Armenia TV»-ի
Մեր հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մոսկվա, որտեղ նախախաղային մարզում է անցկացրել։
Մեր հավաքականը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․
Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Գամլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «Սիպար» (Տաջիկստան)
Արթուր Մելքոնյան – «Ստոլիցա» (Բելառուս)
Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն» (Ֆրանսիա)
Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Այժմ մի փոքր խոսենք ֆուտզալի Եվրոպայի առաջնության նոր ձևաչափի մասին, որն ՈՒԵՖԱ-ի կողմից վերջերս է փոփոխությունների ենթարկվել։
Նախ մրցաշարն արդեն անց է կացվելու յուրաքանչյուր 4 տարին մեկ՝ նախկին 2-ի փոխարեն։ Մրցաշարի ընտրական փուլին ավելացվել է նաև որակավորման խմբային փուլը, որի շրջանակում 32 հավաքականներ ընդգրկվել են 8 խմբերում։ Ինչպես հասկացաք, յուրաքանչյուր խմբում ընդգրկված են 4 հավաքականներ։ Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած հավաքականները միանգամից որակավորվելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ 1-ին հորիզոնականը զբաղեցրած հավաքականներին կմիանան նաև խմբերում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 6 հավաքականները, որոնք նույնպես միանգամից կուղևորվեն Նիդեռլանդներ։ Մյուս երկու հավաքականները, որոնց 2-րդ հորիզոնականը զբաղեցնելով հանդերձ, չի հաջողվել դառնալ վերոնշյալ 6 լավագույններից մեկը, միմյանց միջև 2021 թվականի նոյեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում երկու հանդիպում կանցկացնեն՝ որոշելու Եվրոյի վերջին մասնակցին։
Որակավորման խմբային փուլն անցկացվելու է 2021 թ․ հունվարից-ապրիլ ամիսներին։ Մեր ընտրանին խմբում բոլոր հավաքականների դեմ պետք է երկուական հանդիպում անցկացնի՝ ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Մեր խմբում արդեն կայացել է մեկ հանդիպում․ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի ու Վրաստանի հավաքականները չեն կարողացել պարզել հաղթողին․ գրանցվել է գերմարտական ոչ-ոքի՝ 4։4։
Ինչ վերաբերվում է Եվրո-2022-ին, ապա այն անցկացվելու է Նիդեռլանդներում 2022 թվականի հունվարի 19-ից փետրվարի 6-ը։
Կարծում ենք ՝ հասկանում եք, որ մեր ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու բացառիկ հնարավորություն ունի, այդ պատճառով անչափ կարևոր է յուրանչյուր խփած և բաց թողած գնդակը, էլ չենք խոսում՝ յուրաքանչյուր վաստակած միավոր մասին։ Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին։
# Արթուր Մելքոնյան, Գամլետ Մանուկյան, Գարեգին Մաշումյան, Դավիթ Ասլանյան, Դենիս Նևեդրով, Եվրո-2022-ֆուտզալ, Էնրիկե Դա Սիլվա, Լուան Բարբոսա, Հայաստանի ֆուտզալի հավաքական, ՀՖՖ, Նիկիտա Խրոմիխ, ՈւԵՖԱ, Ռաֆիկ Բաղդասարյան, Ռոբերտ Բոյարկին, Ռուբեն Նազարեթյան, Ռուսաստան - Հայաստան ֆուտզալ, Ռուսաստանի ֆուտզալի հավաքական, Սարգիս Մարգարյան, Սարո Գալստյան, Վիկտոր Դե Սոուզա, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ