Ղազարյան. «Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին»
Գևորգ Ղազարյանը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել` հայտնելով, որ կմասնակցի դեկտեմբերի 26-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին.
«Սիրելի՛ ֆուտբոլասերներ, վերջին օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա նախագահական ընտրությունների և իմ հնարավոր թեկնածության շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը:
Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր վստահություն են հայտնել ինձ և առաջարկել իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ: Խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է:
Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում: Տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր և ներսից տեսել խնդիրները: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում ենք իրացնել: Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամկետ զարգացման ծրագիր:
Առաջնահերթությունները պետք է լինեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը և ազգային հավաքականների մրցունակության բարձրացումը:
Միաժամանակ ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին նախորդող ամբողջ գործընթացը, ինչպես նաև բուն ընտրություններն անցկացվեն արդար և թափանցիկ պայմաններում՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար:
Ուզում եմ հատուկ ընդգծել՝ իմ թեկնածությունն առաջադրելը ինքնանպատակ չէ և չի կարող լինել: Ինձ համար կարևոր է, որ իմ մասնակցությունը լինի հիմնավորված և ընկալելի ոչ միայն ինձ աջակցող երկրպագուների, այլև ֆուտբոլային հանրության լայն շրջանակների համար: Ցանկացած թեկնածություն պետք է գնահատվի առաջին հերթին ներկայացվող գաղափարներով, զարգացման ծրագրով և դրա իրագործելիությամբ, մասնագիտական կարողություններով և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ:
Ես պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման գործում, մասնակցել մասնագիտական քննարկումներին և ներկայացնել իմ պատկերացումները հնարավոր լուծումների վերաբերյալ: Չեմ կարծում, որ մեկ մարդը կարող է լուծել տարիներով կուտակված բոլոր խնդիրները: Մեզ անհրաժեշտ է համախմբել ֆուտբոլային հանրության կարող ուժերին, ձևավորել մասնագիտական թիմ և հետևողական աշխատանքով հասնել իրական չափելի փոփոխությունների:
Ի վերջո, մեր նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես նոր նախագահի ընտրությունը, այլ այնպիսի կառավարման համակարգի ձևավորումը, որը կվայելի ֆուտբոլային հանրության վստահությունը և իրական հնարավորություններ կստեղծի հայկական ֆուտբոլի զարգացման համար:
Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին, ոլորտի մասնագետներին և բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս նախաձեռնությանը: Անկախ նախկին տարաձայնություններից և տարբեր մոտեցումներից՝ մենք ունենք շատ ավելի կարևոր ընդհանուր նպատակ: Հայկական ֆուտբոլը պատկանում է բոլորիս, և դրա ապագայի նկատմամբ պատասխանատվությունը նույնպես բոլորինս է:
Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին: Սա մեկ մարդու ճանապարհ չէ: Սա մեր ընդհանուր գործն է: Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին, լեգենդար կիսապաշտպանը։
Ղազարյանը կարիերան ավարտելուց հետո ընդգրկված է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։
Դեկտեմբերի 26-ին, բացի նախագահից, ՀՖՖ-ում կընտրեն նաև Գործադիր կոմիտեի անդամների։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Գևորգ-Ղազարյան, ՀՖՖ, ՀՖՖ-գործկոմ, Հֆֆ-նախագահ