Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» գերթրիլերային ոչ-ոքին 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 47-րդ վայրկյանին Խուլաին Ալվարեսն առաջ մղեց «Ատլետիկոյին», իսկ 6-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Անտուան Գրիզմանը։
«Բարսելոնան» սառը ցնցուղից չկոտրվեց և նույնիսկ, նախքան ընդմիջում, կարողացավ կրճատել, հավասարեցնել ու առաջ անցնել հաշվի մեջ։
«Բլաուգրանան» 19-րդ ու 21-րդ րոպեներին Պեդրիի ու Պաու Կուբարսիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը, իսկ 41-րդ րոպեին աչքի ընկավ Ինիգո Մարտինեսը։
Երկրորդ խաղակեսում էլ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ուներ տարածքային լուրջ առավելություն, և 74-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին ևս մեկ գնդակ ուղարկեց մադրիդյան ակումբի դարպասը։
Թվում էր, թե Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն այլևս ի զորու չի լինի վերադառնալ խաղ, սակայն հյուրերը կարողացան անհավանական ոչ-ոքի կորզել։ 84-րդ րոպեին արչքի ընկավ Մարկոս Լյորենտեն, իսկ 90+3-րդ րոպեին` Ալեքսանդր Սորլոթը։
Այսպիսով, գերթրիլերային պայքարում անցած հանդիպումն ավարտվեց 4:4 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից