Կալաֆիորին կարիերան կշարունակի անգլիական գրանդի կազմում
«Բոլոնիայի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ «զինագործները» ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու են իտալական ակումբի պահանջած 50 մլն եվրո գումարը։
22-ամյա ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրելու լոնդոնյան ակումբի հետ։
Սպասվում է, որ Կալաֆիորին նոր ակումբում վաստակելու է տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ։ Նա ևս 0,5 մլն եվրո էլ կստանա տարբեր հավելավճարների տեսքով։
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 19-ից հետո, երբ պաշտպանը վերադառնա արձակուրդից։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Կալաֆիորիի նախկին ակումբը` շվեյցարական «Բազելը», ֆուտբոլիստի գործարքից ունենալու է 50 տոկոս մասնաբաժին, եթե նրա տրանսֆերը վաճառվի 4,5 և ավելի միլիոն եվրոյով։
Հավելենք, որ Ռիկարդո Կալաֆիորին «Բոլոնիա» է տեղափոխվել 2023 թ. ամռանը, որի կազմում 33 խաղում դարձել է 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստն Իտալիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը` մրցաշարում անցկացրած 3 խաղում դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բոլոնիա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Նիկոլո Սկիրա, Ռիկարդո Կալաֆյորի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո