Հայաստանի հավաքականը ևս մեկ ցավալի կորուստ ունի
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իվուն մարտի 19-ին ժամանել է Հայաստանի հավաքական ճամբար, թեթև մարզում է անցկացրել և բժշկական թեստեր հանձնել։
Բուժզննումից հետո պարզ է դարձել, 24-ամյա ֆուտբոլիստը դեռ լիարժեք չի ապաքինվել քառագլուխ մկանի վնասվածքից և գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակում։ Հայաստանի հավաքականի բուժանձնակազմը և մարզչական շտաբը որոշել են ռիսկի չդիմել. Իվուն բաց կթողնի մեր թիմի հաջորդ խաղերը։
Իվուին Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոխարինել է Հայաստանի Մ-21 հավաքականի և Չարենցավանի «Վանի» հենակետային կիսապաշտպան Էդգար Փիլոյանը, որն առաջին անգամ է հրավիրվում Հայաստանի հավաքական։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր վնասվածքների պատճառով Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները բաց են թողնելու նաև Արտակ Դաշյանը, Նաիր Թիկնիզյանը և Հովհաննես Համբարձումյանը։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին Երևանում կմրցի Կոսովոյի, իսկ մարտի 26-ին Պրահայում` Չեխիայի հավաքականի դեմ։ Երկու հանդիպումներն էլ ընկերական են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտակ Դաշյան, Էդգար Փիլոյան, ընկերական-հանդիպումներ, Կոսովոյի հավաքական, Հայաստան-Կոսովո, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, ՀՖՖ, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Չեխիա-Հայաստան, Չեխիայի հավաքական