Թրիլլեր Դանիայում. Կոպենհագենն անհավանական comeback արեց Ման. Յունայթեդի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Կոպենհագենի» դեմ։
Կարելի է ասել` «կարմիր սատանաները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Ռասմուս Հոյլունդն առաջ մղեց իր թիմին։
Շոկային մեկնարկից շատ չանցած` 28-րդ րոպեին դանիացի հարձակվողը ևս մեկ գնդակ ուղարկեց իր հայրենակիցների դարպասն ու կրկնապատկեց «Յունայթեդի» առավելությունը։
Թվում էր` Էրիկ Տեն Հագի թիմը հեշտ հաղթանակ է տոնելու, սակայն 40-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ Մարկուս Ռեշֆորդը սարսափելի խախտում թույլ տվեց տանտերերի պաշտպան Էլիաս Յելերթի նկատմամբ և հեռացվեց դաշտից։
Ստանալով քանակական առավելություն` «Կոպենհագենը» նախքան ընդմիջում ոչ միայն կրճատեց, այև հավասարեցրեց հաշիվը. 45-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Էլյունուսին, իսկ 45+9-րդ րոպեին` Դիոգու Գոնսալվեշը։
Չնայած մանկունյական ակումբը հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով, 69-րդ րոպեին կարողացավ ևս մեկ անգամ առաջ անցնել հաշվի մեջ. 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը։
Այդուհանդերձ, Յակուբ Նեստրուպի թիմը ոչ մի կերպ չհամակերպվեց պարտության մտքի հետ և խաղավերջում ֆանտաստիկ comeback արեց` կորզելով կամային հաղթանակ։
Նախ 83-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լուկաս Լերագերը, ապա 87-րդ րոպեին դանիական ակումբի կազմից հերոսացավ 17-ամյա հարձակվող Ռունի Բարջին։
Այսպիսով, «Կոպենհագենը» այս թրիլլերային խաղում հաղթեց 4:3 հաշվով։
A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բավարիա» 2:1 «Գալաթասարայ»
4-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 12 միավոր
- «Կոպենհագեն» – 4
- «Գալաթասարայ» – 4
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 3
Նշենք, որ այս խմբից «Բավարիան» արդեն նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոպենհագեն, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Ռասմուս Հոյլունդ