Եվրո-2020․ հայտնի դարձան անցումային փուլի եզրափակչի մասնակիցները🎥

Եվրո-2020․ հայտնի դարձան անցումային փուլի եզրափակչի մասնակիցները🎥

09/10/2020 - 12:16

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, կայացան Եվրո-2020-ի անցումային փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները, որոնց մասնակցեցին Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության շրջանակում B, C և D լիգաներում իրենց խմբերի հաղթողները և հավաքականները, որոնց չէր հաջողվել որակավորման փուլի արդյունքում նվաճել ուղիղ ուղեգիր։

Վրաստանի հավաքականի Թբիլիսիում 1։0 հաշվով ծանր հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ․ խաղի միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Թոռնիկե Օկրիաշվիլին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Հունգարիայի հավաքականը հյուրընկալվելիս 1։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բուլղարիայի իրենց գործընկերների նկատմամբ։ Մարկո Ռոսսիի թիմի կազմից աչքի ընկան Վիլի Օրբանը, Ժոլտ Կալմարը և Նեմանյա Նիկոլիչը, իսկ Բուղարիայի ընտրանու կազմից՝ Գեորգի Յոմովը։

Վերջին տարիների եվրոպական ֆուտբոլում ամենամեծ անակնկալներ մատուցած Իսլանդիայի հավաքականը Ռեյկյավիկում մրցեց Ռումինայի հավաքականի դեմ։ Առաջին խաղակեսում «վիկինգները» լուրջ առավելություն ունեին և Գիլֆի Սիգուրդսոնի դուբլի շնորհիվ հաղթում էին 2։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում ռումինացիները փորձեցին բեկել խաղի ընթացքը, սակայն հաջողվեց միայն հետ բերել մեկ գնդակ։ 63-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ Ալեքսանդրու Մաքսիմը։

Այսպիսով, Իսլանդիայի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով և դեռևս պահպանում է շանսեր Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալու համար։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ Բերնար Շալանդի գլխավորած Կոսովոյի ընտրանու նկատմամբ։

Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Մակեդոնացիները 16-րդ րոպեին Բենյամին Կոլոլիի ինքնագոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 29-րդ րոպեին հյուրերը Ֆլորան Հադերժոնայի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

33-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո կենտրոնական պաշտպան Դարկո Վելկովսկին կրկին առաջ մղեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին՝ եզրափակելով Էնիս Բարդիի փոխանցումը։ Ինչպես հետագայում պարզվեց, այդ գոլը դարձավ հաղթական։

Սերբիայի հավաքականը Օսլոյում հյուրընկալվել էր Նորվեգիայի ընտրանուն՝ լրացուցիչ ժամանակով տանելով ծանր հաղթանակ։ Խաղի հերոս դարձավ «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, ով դուրս գալով փոխարինման, դարձավ դուբլի հեղինակ։

Միլինկովիչ Սավիչը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին և արդեն 82-րդ րոպեին առաջ մղեց բալկաններին, սակայն 88-րդ րոպեին Մաթիաս Նորմանը խփեց պատասխան գնդակը, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 102-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչն այս անգամ վերջնական առաջ մղեց Սերբիայի հավաքակաին՝ պարգևելով կարևոր հաղթանակ։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն անակնկալ կերպով չկարողացավ հաղթահարել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի արգելքը։ Խաղի ողջ ընթացքում բոսնիացիներն ունեին առավելություն և 13-րդ րոպեին Ռադե Կրունիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1։0 հաշվով, սակայն 53-րդ րոպեին հյուսիսիռլանդացիները իրենց ունեցած սակավաթիվ պահերից մեկն ավարտեց գոլով․ աչքի ընկավ Նայալ Մաքգինը։

Խաղի մնացած ժամանակահտվածում էլ Բոսնիայի հավաքականն ուներ աչքի ընկնելու մի շարք պահեր, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց Բեյլի Պիկոկ-Ֆարելի պաշտպանած դարպասը։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, ինչից հետո նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին Հյուսիսային Իռալնդիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Վճռորոշ եղան Հարիս Հայրադինովիչի և Էդին Վիչշայի վրիպումները, ինչի արդյունքում հյուրերը 11 մետրանոցներով հաղթեցին 3։4 հաշվով և մնում են պայքարի մեջ։

Վերջին երկու խաղերում նույնպես հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ։ Հատկանշական է, որ այդ երկու խաղերում էլ 120 րոպեի ընթացքում որևէ դարպասի գրավում չեղավ և արձանագրվեց 0։0 հաշվիվը։

Նախ Սլովակիայի հավաքականը Բրատիսլավայում 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն՝ 4։2, ապա Շոտլանդիայի հավաքականը՝ Իսրայելին՝ 5։3։

Այսպիսով, անցումային փուլի եզրափակիչ հանդիպումների շրջանակում կմրցեն հետևյալ զույգերը․

Հունգարիա – Իսլանդիա

Հյուսիսային Իռլանդիա – Սլովակիա

Սերբիա – Շոտլանդիա

Վրաստան – Հյուսիսային Մակեդոնիա

Հանդիպումները կայանալու սույն թվականի նոյեմբերի 12-ին

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023