Փյունիկն ու Կլուժը համառ պայքարում չպարզեցին հաղթողին

Փյունիկն ու Կլուժը համառ պայքարում չպարզեցին հաղթողին

05/07/2022 - 22:00

Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց ռումինական «Կլուժի» դեմ։

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ «Փյունիկին» փրկում էր Դավիթ Յուրչենկոն։

36-ամյա դարպասապահն առաջին կեսում կատարեց 3 սեյվ։

Եղիշե Մելիքյանի թիմը շեշտը դրել էր հակագրոհների վրա, որոնք, սակայն, այնքան էլ վտանգավոր չէին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին և փորձում էին եզրային գրոհների շնորհիվ սրել խաղը, սակայն եզրափակիչ հատվածում երևանյան ակումբի ֆուտբոլիստներին ինչ-որ բան չէր հերիքում։

Խաղավերջում «Կլուժի» տղաները կրկին ակտիվացան։ 73-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Գաբրիել Դեբելյուխը, սակայն նրա` շրջադարձ հարվածից հետո տանտերերին փրկեց հորիզոնական դարպասաձողը։

84-րդ րոպեին էլ հանդիպման հաշիվը կարող էր բացել Խեֆտե Բետանկորը, սակայն նրա հարվածից հետո Յուրչենկոն կրկին փրկեց «Փյունիկին»։

Ի վերջո, այս խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին` Ռումինիայի Կլուժ քաղաքում` Երևանի ժականակով 22:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023