Ինքնագոլը դարձավ վճռորոշ. Յունայթեդը վերադարձավ 2-րդ հորիզոնական🎥

Ինքնագոլը դարձավ վճռորոշ. Յունայթեդը վերադարձավ 2-րդ հորիզոնական🎥

15/03/2021 - 01:11

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»։

Հանդիպումը կողմերը սկսեցին հետախուզական պայքարով, սակայն տանտերերը աստիճանաբար խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին և մինչև առաջին խաղակեսի ավարտ իշխում էին խաղադաշտում բոլոր ասպեկտներում։

Մանկունյական ակումբը գնդակին տիրում էր 66%, մրցակցի դարպասին կատարեց 8 հարված, որոնցից երկուսը դիպուկ էին, սակայն չպսակվեցին դարպասի գրավմամբ, իսկ «մրճահարների» անվան դիմաց միայն զրոներ էին։

Հանդիպման հաշիվը բացելու լավ հնարավորություններ ձեռքից բաց թողեցին Մարկուս Ռեշֆորդն ու Մեյսոն Գրինվուդը, որոնց հարվածներից հետո իր բարձունքի վրա էր «Վեսթ Հեմի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին։

Այնուամենայնիվ, «Յունայթեդը» չկարողացավ առաջին կեսում ունեցած զգալի առավելությունը վերածել գոլի, և կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, «ՄՅՈՒ»-ի տղաները անկյունային հարվածի իրավունք վաստակեցին։ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո հյուրերի պաշտպան Քրեյգ Դոուսոնը ցանկանում էր գխով հեռացնել գնդակը, սակայն անփույթ գործեց և դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշվի մեջ առաջ մղելով մրցակցին։

Ոգևորված ձեռքբերածով՝ «կարմիր սատանաները» կարող էին մեծացնել առավելությունը, սակայն Ֆորնանդեշի հարվածից հետո իր թիմին կրկին փրկեց Ֆաբիանսկին, իսկ Գրինվուդի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղավարտին մոտ Դևիդ Մոյեսի տղաները փորձեր կատարեցին հանդիպումը փրկելու և Մանչեսթերից մեկ միավորով հեռանալու, սակայն նրանց վիճակված չէր այս խաղում գոլի հեղինակ դառնալ։ Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով «Յունայթեդի» հաղթանակով։

Այս արդյունքից հետո մանկունյական ակումբը վաստակեց 57 միավոր, շրջանցեց «Լեսթերին» և վերադարձավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ վաստակած 71 միավորով։

«Վեսթ Հեմը» մնաց 5-րդ հորիզոնականում․ թիմն իր ակտիվում ունի 48 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023