Միլանը ձախողում է չեմպիոնական պայքարը․ «ռոսոներիները» կրկին միավորներ են կորցնում🎥

Միլանը ձախողում է չեմպիոնական պայքարը․ «ռոսոներիները» կրկին միավորներ են կորցնում🎥

04/03/2021 - 01:42

Շարունակվում է իտալական Ա սերիայի 25-րդ տուրը, որի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց «Ուդինեզեին»։

Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարում, սակայն աստիճանաբար միլանյան ակումբի տղաները խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին և մինչև առաջին խաղակեսի ավարտ երեք հարված կատարեցին մրցակցի դարպասին։ Հատկանշական է, որ տանտերերի բոլոր հարվածները դիպուկ ստացվեցին, սակայն «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոն իր բարձունքի վրա էր՝ թույլ չտալով մրցակցին գրավել իր պաշտպանած դարպասը։

Հյուրերի ֆուտբոլիստներն, իրենց հերթին, առաջին 45 րոպեների ընթացքում նույնպես 3 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն երեք դեպքում էլ գնդակը շեղ ընթացավ։

Այսպիսով, չկարողանալով գտնել դեպի միմյանց դարպասը տանող բանալին՝ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Ի տարբերություն առաջին կեսի, երկրորդ խաղակեսը երկու թիմերն էլ ակտիվ մեկնարկեցին և սկսեցին վտանգավոր գրոհներով սպառնալ միմյանց։

Նման մարտավարությունը շուտով տվեց իր արդյունքը, և հանդիպման 68-րդ րոպեին խաղի առաջին գոլը գրանցվեց «Ուդինեզեի» օգտին, որի ֆուտբոլիստների՝ անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Ռոդրիգո Բեկաոն՝ առաջ մղելով իր թիմին։

Բնականաբար, Ստեֆանո Պիոլիի տղաներին չէր կարող բավարարել նման հաշիվը, ովքեր էլ նետվեցին առաջ, որպեսզի փրկեն խաղը, ինչը նրանց հաջողվեց անչափ մեծ դժվարությամբ։

Երբ թվում էր՝ խաղն ավարտվելու է «Ուդինեզեի» նվազագույն հաշվով հաղթանակով, հանդիպման 90+6-րդ րոպեին «ռոսոներիները» 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն՝ կարևոր միավոր փրկելով իր թիմի համար։

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» 29 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023