Մեսսիի երեք գոլային փոխանցումները, Ռամոսի նորամուտը. ՊՍԺ-ն կամային հաղթանակ տոնեց Սենթ Էթիենի դեմ խաղում🎥

Մեսսիի երեք գոլային փոխանցումները, Ռամոսի նորամուտը. ՊՍԺ-ն կամային հաղթանակ տոնեց Սենթ Էթիենի դեմ խաղում🎥

28/11/2021 - 18:03

Ֆրանսիական Լիգա 1-ի 15-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Սենթ Էթիենի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց փարիզյան ակումբի առավելությամբ, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «Սենթ Էթիենը» 23-րդ րոպեին Դենիս Բուանգայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

45-րդ րոպեին Մաուրիսիո Պոչետինոյի սաները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում տանտերերի կենտրոնական պաշտպան Տիմոտի Կոլոձեյչալը վերջին հույսի կանոնների խախտում թույլ տվեց Կիլիան Մբապեի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ժերոմ Բրիշարը լեհ ֆուտբոլիստին պատժեց կարմիր քարտով` հեռացնելով նրան դաշտից։

Այդ դրվագում նշանակվեց տուգանային հարված, որի իրացումից հետո Մարկինիոսը խփեց իր թիմի պատասխան գնդակը` եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։

Ի վերջո, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեծ մասում «Պարի Սեն-Ժերմենն» ուներ մեծ առավելություն, սակայն միայն 79-րդ րոպեին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Անխել Դի Մարիան։

Հանդիպման 90+1-րդ րոպեին էլ վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկինիոսը` դառնալով դուբլի հեղինակ։

Հատկանշական է, որ ՊՍԺ-ի վերջին երկու գոլերի փոխանցումները նույնպես գրանցվեցին Լեո Մեսսիի անվան դիմաց, ով այս խաղում դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք նաև, որ այդ խաղում ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշեց Սերխիո Ռամոսը, ով փարիզյան ակումբի շարքերը համալրելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց։

Այսպիսով, ՊՍԺ-ն այս հաղթանակից հետո վաստակեց 40 միավոր և վստահ գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Սենթ Էթիենն» էլ մնաց 12 միավորով և զբաղեցնում է վերջին` 20-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023