Հիասքանչ ֆուտբոլ Իտալիայում! Ռեալը գոլառատ պայքարում հաղթեց Նապոլիին🎥

Հիասքանչ ֆուտբոլ Իտալիայում! Ռեալը գոլառատ պայքարում հաղթեց Նապոլիին🎥

04/10/2023 - 00:55

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում հյուրընալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։

Առաջին կեսն անցավ բավական դինամիկ և հետաքրքիր պայքարում։

19-րդ րոպեին «աձուրիների» կազմից հաշիվը բացեց կենտրոնական պաշտպան Լեո Օստիգորը` օգտվելով «արքայական» ակումբի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի թույլ տված սխալից։

Կառլո Անչելոտիի թիմը բավական արագ արձագանքեցին բաց թողած գոլին և ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 27-րդ և 34-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վինիսիուսն ու Ջուդ Բելինգհեմը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում Դանի Կարվախալը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց «Նապոլիի» օգտին, որը 54-րդ րոպեին դիպուկ իրացրեց Պյոտր Զելինսկին` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։

Որոշ ժամանակ հանդիպումն ընթանում էր փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն 78-րդ րոպեին «սերուցքայինները» կրկին առաջ անցան հաշվի մեջ. Ֆեդե Վալվերդեի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և անդրադարձավ «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետից ու հայտնվեց դարպասում։

Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց իտալացի դարպասապահի անվան դիմաց։

Բաց թողած գոլից Ռուդի Գարսիայի թիմն այլևս ուշքի չեկավ ու խաղավերջում չկարքղացավ ոչինչ առաջարկել։

Այսպիսով, «Ռեալը» համառ պայքարում հաղթեց 3:2 հաշվով։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ունիոն Բեռլին» 2:3 «Բրագա»

Խմբի մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 6 միավոր
  2. «Նապոլի» – 3
  3. «Բրագա» – 3
  4. «Ունիոն Բեռլին» – 0
# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023