Կուլես. Որտեղի՞ց է ծագում Բարսելոնայի երկրպագուների հայտնի անվանումը

Կուլես. Որտեղի՞ց է ծագում Բարսելոնայի երկրպագուների հայտնի անվանումը

19/03/2022 - 01:21

«Բարսելոնայի» միլիոնավոր երկրպագուներ առավել հայտնի են «կուլես» անվանումով` անկախ այն հանգամանքից՝ նրանք յուրաքանչյուր հանդիպմանն այցելում են «Նոու Կամպ» մարզադաշտ, թե` ոչ։

Այդուհանդերձ, կատալոնական ակումբի ոչ բոլոր երկրպագուները գիտեն, թե որտեղից է առաջացել այդ անվանումը։

Գործնականում, հենց այդ անվանումն էլ ավելի լավ պատկերացում է տալիս «Բարսելոնայի»` որպես ֆուտբոլային ակումբի և սոցիալական շարժման մասին։

1899 թ. նոյեմբերին շվեյցարացի ուսանող Ժոան Գամպերի կողմից «Բարսելոնայի» հիմնադրումից հետո ակումբը տևական ժամանակ անդադար փոխում էր տնային հանդիպումներ անցկացնելու վայրերը` հանդես գալով քաղաքի տարբեր մարզադաշտերում։

1909-1929 թթ. ակումբը տեղակայվել էր Կարեր դե լա Ինդուստրիա կամ Արդյունաբերության փողոցում, որն այժմ կոչվում է Կարեր դե Պարիզ կամ Փարիզի փողոց։

«Բարսելոնայի» տնային հանդիպումներին հավաքվում էին հազարավոր երկրպագուներ, ովքեր ցանկանում էին տեսնել ակումբի խաղը, որն Իսպանիայի գավաթի մշտական հաղթողների թվում էր և իր շարքերում ուներ այնպիսի գերաստղերի, ինչպիսիք էին Պաուլինիո Ալկանտարան, Խոսեպ Սամիտերն ու աշխարհահռչակ դարպասապահ Ռիկարդո Զամորան։

Քանի որ ակումբը շարունակում էր ուժեղանալ, իսկ երկրպագուների թիվն աճում էր, փողոցի ամենամոտ խաղադաշտի մոտ կանգնեցվեց մշտական ​​երկհարկանի տրիբունա։

Այդ տրիբունայի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1916 թվականին, որն իր տեսակով առաջինն էր իսպանական ֆուտբոլային իրականությունում և կարող էր ընդունել 6000 հանդիսականների։

Անցորդները, ովքեր հանդիպումների ժամանակ զբոսնում էին այդ հատվածով, ակամայից ժպտում էին` տեսնելով, թե ինչպես են երկրպագուները դիտում խաղը։

Ժամանակի ընթացքում, մեկնաբանելով այդ տեսարանը, տեղացիները «Բարսելոնայի» երկրպագուներին սկսեցին անվանել «կուլերս» կամ պարզապեց «կուլես», որը բառացի նշանակում է` «նրանք, ովքեր ցույց են տալիս իրենց հետույքը»։

Այդ արտահայտությունն ակումբի երկրպագուների կողմից հպարտությամբ ընդունվեց և չհամարվեց վիրավորական և իրենց բնութագրելու համար սկսեցին անվանել «կուլես»։

Երկրպագուների կողմից այդ անվանումն այնքան էր սիրվել, որ նրանք դա իրենց հետ նույնիսկ «տարան» 1922 թ. բացված «Լես Կորտս» մարզադաշտ, որը տեղավորում էր 22.000 հազար հանդիսական։ Նույնը տեղի ունեցավ նաև 1957 թ., երբ ակումբը տեղափոխվեց ներկայիս տնային՝ «Նոու Կամպ» մարզադաշտ։

«Բարսելոնայի» երկրպագուների «մականունը» մինչ օրս շատ արդիական է, որը հաճախ կարելի է տեսնել նույնիսկ «բլաուգրանայի» տարածած պաշտոնական հայտարարություններում, քանի որ ակումբը երկրպագուներին դիմում է հենց որպես «կուլես»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023