Թրիլլեր Էյնդհովենում. ՊՍՎ-ն ու Կոպենհագենը 8 գոլ խփեցին🎥

Թրիլլեր Էյնդհովենում. ՊՍՎ-ն ու Կոպենհագենը 8 գոլ խփեցին🎥

11/03/2022 - 10:47

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍՎ-ն Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Կոպենհագենի» դեմ։

Դանիական ակումբը, կարելի է ասել, հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Իսակ Յոհանենսոնի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

«Կոպենհագենի» ուրախությունը կարճ տևեց. 21-րդ րոպեին Կոդի Գապկոն խփեց պատասխան գնդակը։

Այդուհանդերձ, ընդամենը 2 րոպե անց` 23-րդ րոպեին, Յես Տորուպի թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Պեպ Բիլը։

Նախքան ընդմիջման գնալը հյուրերը էլ ավելի մեծացրին իրենց առավելությունը. 43-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լուկաս Լերագերը։

Կողմերն ընդմիջման գնացին «Կոպենհագենի» երկու գնդակի առավելության պայմաններում` 3:1։

Երկրորդ կեսը նույնպես անցավ հետաքրքիր ու գոլառատ պայքարում։

Արդեն 50-րդ րոպեին Էյնդհովենը ներկայացնող ակումբը Ռիցու Դոանի խփած գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 2:3։

Հանդիպման 62-րդ րոպեին Ռոջեր Շմիդտի սաները 11-մետրանոց հարված վաստակեցին և կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Կոդի Գապկոյի հարվածից հետո «Կոպենհագենին» փրկեց դարպասապահ Կամիլ Գրաբարան։

Տանտերերը չընկճվեցին չիրացրած 11-մետրանոցից և շարունակեցին ճնշում գործադրել «Կոպենհագենի» դարպասի ուղղությամբ ու 70-րդ րոպեին, ի վերջո, խփեցին նաև երրորդ պատասխան գնդակը. Գապկոն ուղղեց իր սխալը, դարձավ դուբլի հեղինակ` «Էյնդհովեն» մարզադաշտի լուսատախտակին վառելով 3:3 հաշիվը։

Հյուրերը, ովքեր երկրորդ կեսի մեծ մասում պաշտպանվում էին, 78-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, օգտվելով ՊՍՎ-ի պաշտպանների կոպիտ սխալից, կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Պեպ Բիլը։

Թվում էր` ՊՍՎ-ն հանդիպումը փրկելու ուժ այլևս չի ունենա, սակայն 85-րդ րոպեին Գապկոյի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Էրան Զահավին գլխի դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, թրիլլերային սցներով ընթացած հանդիպումն ավարտվեց 4:4 հաշվով։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023