Էրիկսեն․ «Տոտենհեմում ես սպիտակ ագռավի էի վերածվել»

Էրիկսեն․ «Տոտենհեմում ես սպիտակ ագռավի էի վերածվել»

05/02/2020 - 16:34

Միլանի «Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը BBC Sport-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Տոտենհեմից» հեռանալու ցանկության և «Ինտերին» միանալու մասին․

– Հանգստություն զգու՞մ եք, որ Ձեր շուրջ բոլոր խոսակցություններն ավարտվել են և տեղափոխվեցիք նոր ակումբ։

– Այո՛, վերջին տարիներին Անգլիան շատ անհանգիստ երկիր էր դարձել։ Յուրաքանչյուր խաղում բոլոր մտածում էին․ «Նա հեռանո՞ւմ է»։ Նույնիսկ այն երկրպագուները, ովքեր հանդիպում էին դրսում, ինձ հաջողություն էին մաղթում։ Սակայն, ես դեռևս մնացի ակումբում և այդ ամենը չափազանց տարօրինակ էր։ Հոգեպես և ֆիզիկապես ինձ ավելի լավ եմ զգում Միլանում և կարող եմ ամեն ինչ նորից սկսել։

– Կարո՞ղ եք մի պահ մտքերով հետ գնալ դեպի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Դա իսկապես Ձեզ համար հիասթաթեցնող երեկո էր, քանի որ Մաուրիսիո Պոչետինոն կասկածի տակ դրեց Ձեր ապագան, իսկ դուք հարցազրույցներից մեկի ժամանակ նշեցիք, որ ցանկանում եք նոր մարտահրավերներ ընդունել։ Այդ ամենը շարունակվեց մի քանի շաբաթ։

– Անգլիայում, երբ պայմանագրիդ ավարտին շատ քիչ է մնացած լինում, տպավորություն է ստեղծվում, թե դու պիտի հեռանաս հենց հիմա։ Արդյունքում ես հանդես եկա 30 խաղի, որոնք նման էին հրաժեշտի հանդիպման։ Ամեն անգամ ասում էին, որ սա իմ վերջին հանդիպումն է։ Սակայն, այդ ամենը շարունակվում էր։ Հոգեպես ես մատրաստ էի նոր մարտահրավերների, սակայն եթե չստացվեր իմ տեղափոխությունը, ես պատրաստ էի մնալ և պայքարել մեկնարկային կազմի համար։ Պետք է նշեմ նաև, որ եթե նույնիսկ ես «Տոտենհեմի» հետո ունենայի 4 տարվա պայմանագիր, ընթացիկ մրցաշրջանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելուց հետո դժվար էր լինելու։

– Թվում էր՝ խնդիրը Ձեր մարզավիճակի մեջ էր․․․

– Եթե քո պայմանագիրը լրանում է մոտ ժամանակներս, ապա դու վերածվում ես սպիտակ ագռավի։ Իհարկե, ես հարցազրույց տվել եմ և եղել եմ շատ անկեղծ։ Ես չեմ ցանկացել թաքնվել, ինչպես շատ խաղացողներ։ Ես այդ ամենի մասին ցանկացել եմ պարզապես բարձրաձայն խոսել։ Ինձ նույնիսկ մեղադրում էին, որ ես վատ տղա եմ։ Այն պահից սկսած, երբ ես հայտարարել եմ, որ ցանկանում եմ հեռանալ ակումբից, Լոնդոնում ինձ հետ կապված ոչ մի լավ բան տեղի չի ունեցել։

– Ժոզե Մոուրինիոն իր հերթին նույնպես չհարթեց այդ իրավիճակը։ Ժոզեն մեղմ վարվեեց այդ իրավիճակում, սակայն թողեց որոշ «բայցեր»։ Ժոզեի վերաբերմունքը ազդե՞ց Ձեր իրավիճակի վրա։

– Ո՛չ։ Երբ տրանսֆերային պատուհանը դեռևս փակ է, կարելի է միայն խոսել։ Հստակ ոչ մի բան չի կարող լինել։ Գտնում եմ, որ Ժոզե Մոուրինիոն ճիշտ է վարվել։ Նա կարող էր ասել․ «նա ցանկանում է հեռանալ, այդ պատճառով էլ այլևս խաղադաշտ դուրս չի գալու»։ Նա այդպես չվարվեց։

Այն բանից հետո, երբ ես նրան պատմեցի իմ հեռանալու ցանկության մասին, նա ինձ հորդորեց լինել երջանիկ և ասաց, որ երբ անհրաժեշտ լինի, ես պիտի խաղամ։

– Դուք ե՞րբ հասկացաք, որ լքում եք «Տոտենհեմը»

– Նախքան այն պահը, երբ բոլոր դետալները դեռևս հստակեցված չէին, ես դրա մասին չեմ մտածել։ Ի վերջո՝ ամեն ինչ կախված էր այն ամենից, թե որքան է ցանկանում ստանալ «Տոտենհեմը» և որքան է պատրաստ վճարել «Ինտերը» կամ մեկ այլ ակումբ։ Վերջիվերջո՝ ես գտնվում էի Դանիել Լևիի ձեռքերում։ Ամեն ինչ նա էր որոշում։ Ինձ մնում էր փորձել միշտ պահպանել պրոֆեսիոնալիզմ։

– «Ինտերը» միա՞կ տարբերակն էր։ Այլ ակումբների մասին նույնպես շատ խոսակցություններ ծավալվեցին։ Օրինակ՝ Ձեր անունը հաճախ կապվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

– Խնդիրն այն էր, որ ես ցանկանում էի նոր մարտահրավերներ ընդունել։ Պրեմիեր լիգայում մնալը շատ պրիմիտիվ որոշում կլիներ։ Նույնը կարող եմ ասել նաև «Տոտենհեմում» մնալու մասին և շատ կարևոր էր գտնել նոր մարտահրավեր այլ երկրում։ Երբ «Ինտերն» ինձ առաջարկ արեց, այն հեշտությամբ ընդունեցի։

– Դուք շատ կարևոր պահի տեղափոխվեցիք «Ինտեր»։ Ակումբը պայքարում է Ա սերիայի չեմպիոնության համար, խաղալու է Եվրպո Լիգայում, իսկ Իտալիայի գավաթում ակումբը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

– Այո՛, դա այդպես է։ Սովորաբար դժվար է հունվարին փոխել ակումբային գրանցումը, քանի որ բոլորն իրար արդեն շատ լավ ճանաչում են և մրցաշրջանի մեկնարկից մարզվում են միասին։ Ես պետք է ինտեգրվեմ «Ինտերին» և տարբեր բաներ սովորեմ, որոնք ընդունված է ակումբում։

– Հաջորդ Weekend-ին դուք չափազանց կարևոր հանդիպում ունեք «Միլանի» դեմ։ Ցանկացած թիմ Զլատան Իբրահիմովիչի հետ վստահություն է զգում․․․

– Զլատանն իր հետ ցանկացած ակումբ տանում է իր հայտնիությունը։ Այնտեղ խաղում է նաև հավաքականի իմ խաղընկեր Սիմոն Կյայերը։ Նախքան «Ինտեր» տեղափոխվելը ես խոսել եմ նրա հետ, երբ նա արդեն Միլանում էր, իսկ իմ գործակալը բանակցում էր «Ինտերի» հետ։ Սա առաջին դեպքն է լինելու, երբ ես և Կյայերը միմյանց դեմ ենք դուրս գալու և մի փոքր անսովոր կլինի։ Հուսով եմ՝ կկարողանանք ցույց տալ, թե իրականում որ հորիզոնականն ենք զբաղեցնում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023