Բարսան հիանալի տպավորություն է թողնում՝ ընդհուպ մոտենալով Ատլետիկոյին 🎥

Բարսան հիանալի տպավորություն է թողնում՝ ընդհուպ մոտենալով Ատլետիկոյին 🎥

07/03/2021 - 01:46

Շարունակվում է իսպանական Լա լիգայի 26-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Օսասունայի» դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ տեմպով մեկնարկեց։ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ համարձակ գրոհում էին՝ ցանկանալով անակնկալի բերել մրցակցին։ Գնդակը խաղադաշտի կենտրոնում գրեթե չէր հայտնվում, սակայն հարկ է նշել որ կատալոնական ակումբն ուներ զգալի տարածքային առավելություն (66%):

Մինչ ընդմիջում գնալը «Օսասունան» 6 հարված կատարեց ահեղ մրցակցի դարպասին, որից 3-ը դիպուկ էին, սակայն ոչ գոլային, քանի որ փայլուն էր գործում «կապտանռնագույնների» դարպասապահ Մարկ-Անդրի Տեր Շտեգենը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլերից։ Իր հերթին, «Բարսան» կատարեց 7 հարված, որոնցից միայն մեկն էր դարպասին, և այն էլ գոլային ստացվեց։

Հանդիպման 30-րդ րոպեին հյուրերի ավագ և առաջատար Լեո Մեսսին «կտրող» փոխանցմամբ նպաստավոր դիրք դուրս բերեց Ժորդի Ալբային, ով էլ սուր անկյան տակ հուժկու հարվածով բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին։

Մինչ մրցավարի՝ առաջին խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը այլևս գոլեր չգրանցվերցին։ Կողմերն ընդմիջման գնացին Ռոնալդ Կումանի թիմի զվազագույն հաշվով առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց կատալոնացիների առավելությամբ, որոնք մրցակցին գրեթե զրկեցին գնդակից։ Ի տարբերություն առաջին կեսի՝ երկրորդում կողմերը բավական հանգիստ էին գործում՝ փորձելով դիրքային գրոհներով զարգացնել իրենց հաջողությունը։

Երկար ժամանակ Ռոնալդ Կումանի թիմը վերահսկում էր խաղի ընթացքը և որևէ հնարավորություն չէր տալիս մրցակցին, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Միայն հանդիպման 83-րդ րոպեին «բլաուգրանասը» մեծացրեց իր առավելությունը․ հեռահար հարվածով բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Բարսայի» 18-ամյա կիսապաշտպան Իլայիշ Մորիբան, ով կատալոնական ակումբի գլխավոր թիմի կազմում խփեց առաջին գնդակը։

Ինչպես հետագայում պարզվեց, Մորիբայի գոլն այս խաղում վերջինն էր, և «Բարսելոնան» հանգիստ պայքարում հաղթեց 2։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 56 միավոր և գտնվում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն «Ատլետիկոյին», որն իր ակտիվում ունի 58 միավոր և երկու խաղ էլ պակաս է անցկացրել կատալոնացիների համեմատ։

«Ատլետիկոն» մարտին 7-ին մադրիդյան դերբիի շրջանակում կմրցի «Ռեալի» դեմ։ Այդ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19։15։

«Օսասունան» մնաց նախապես վաստակած 28 միավորով, որին համարժեք է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023