Բարսելոնան դժվարությամբ հասավ իր նպատակին?

Բարսելոնան դժվարությամբ հասավ իր նպատակին?

24/06/2020 - 02:16

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության հավականորդ «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ՝ դժվարությամբ հաղթելով 1։0 հաշվով։

Չնայած առաջին խաղակեսում «Բարսելոնան» ավելի շատ էր վերահսկում գնդակին, սակայն, հիմնականում խաղն ընթանում էր հավասար պայքարում և չկային սուր գոլային պահեր։

Միայն հանդիպման հենց մեկնարկում երկու թիմերն էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ ունեին։ Խաղի 4-րդ րոպեին Ունայի Սիմոնի կատարած բարձրից փոխանցումը վերածվեց հարվածի, ինչից հետո կատալոնացիների դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը դժվարությամբ փրկեց իր թիմին։ Հենց այդ նույն դրվագում «Բարսելոնան» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ժորդի Ալբան հարվածային դիրք դուրս բերեց Լուիս Սուարեսին։ Ուրուգվայից հարձակվողին չթողեցին հարվածել, իսկ Սերխիո Բուսկետսի հարվածը դիպավ պաշտպաններից մեկին։

Ճիշտ է՝ առաջին խաղակեսի մնացած հատվածում էլ խաղն ընթանում էր բավականին արագ տեմպով, սակայն այդպես էլ որևէ լուրջ և իրական գոլային պահ երկու թիմերի դարպասի մոտ էլ չարձանագրվեց, իսկ թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» ավելի մեծացրեց ճնշումը, ինչը նկատելի էր հենց խաղակեսի մեկնարկից։

54-րդ րոպեին Լեո Մեսսին հարձակման ձախ եզրում հարվածային դիրք դուրս բերեց Անտուան Գրիզմանին, սակայն ֆրանսիացի հարձակվողի հարվածը հյուրերի դարպասապահ Ունայի Սիմոնը հասցրեց կրծքով կասեցնել։

Հանդիպման 71-րդ րոպեին, ի վերջո, «Բարսելոնային» հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Աջ եզրում Լեո Մեսսին բարձր փոխանցում կատարեց տուգանային հրապարակում գտնվող Արթուրո Վիդալին, սակայն բասկյան ակումբի պաշտպանները այն հեռացրին, և գնդակը կրկին հայտնվեց Մեսսիի մոտ։ Արգենտինացին մի փոքր շարժվեց կենտրոն և փոխանցեց տուգանային հրապարակ ներխուժող Իվան Ռակիտիչին․ վերջինս մոտ տարածությունից դիպուկ հարված կատարեց՝ բացելով խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո էլ «Բարսելոնան» հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություններ ուներ, սակայն կատալոնական ակումբի ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Ամեն դեպքում, կատալոնական ակումբը անչափ կարևոր 3 միավոր վաստակեց։

Չնայած հաղթանակին՝ «Բարսելոնայի» խաղում շատ են թերացումները։ «Բլաուգրանասի» ֆուտբոլիստները անչափ դանդաղ են զարգացնում գրոհները, Լեո Մեսսին շատ է տարվում անհատական խաղով, Լուիս Սուարեսը վնասվածքից հետո դեռևս օպտիմալ մարզավիճակ չի հավաքել, իսկ «Ատլետիկը» որոշ դրվագներում հեշտությամբ ճեղում էր մրցակցի պաշտպանությունը։ Ամեն դեպքում, Կիկե Սետիենը «Սևիլիայի» դեմ խաղից հետո որոշ հետևություններ արել էր և այս անգամ փոփոխությունների միջոցով սրեց խաղի ընթացքը, ինչն էլ տվեց իր տրամաբանական արդյունքը։ Առջևում դեռևս ավելի բարդ հանդիպումներ կան և կրկին կարելի է սպասել, որ իսպանացի մասնագետը ռոտացիաների կդիմի։

«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 68 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռեալն» ունի 65 միավոր և իր հանդիպումն անցկացնելու է հունիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Մալյորկայի» դեմ, և հաղթանակի դեպքում միավորների քանակով կհավասարվի «Բարսային», սակայն անհատական խաղերում առավելություն ունենալու շնորհիվ կրկին կդառնա առաջնության առաջատարը։ «Ատլետիկ Բիլբաոն» 42 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023