Ատլետիկ vs Ռեալ Սոսիեդադ. կարևոր փաստեր բասկյան դերբիի մասին

Ատլետիկ vs Ռեալ Սոսիեդադ. կարևոր փաստեր բասկյան դերբիի մասին

18/02/2022 - 17:19

1929 թ. Լա լիգայի հիմնադրման պահից ի վեր` «Ատլետիկ Բիլբաոյի» և «Ռեալ Սոսիեդադի» միջև անցկացվող բասկյան դերբին դարձել է իսպանական ֆուտբոլի ամենակարևոր իրադարձություններից մեկը։

Այժմ կներկայացնենք մի շարք կարևոր փաստեր այդ հանդիպման մասին։

1. Բասկյան դերբիներ, որոնք ակումբներից մեկին չեմպիոնական տիտղոս են պարգևել

1980-ականների սկզբին բասկյան ֆուտբոլը վերելք էր ապրում։ «Ռեալ Սոսիեդադը» 1980/81 և 81/82 մրցաշրջաններում երկու անգամ անընդմեջ նվաճեց Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։

Սանսեբաստիանցիների հաջողությանը հաջորդեց արդեն «Ատլետիկի» դուբլը, որը 1982/83 և 83/84 թվականներին նույնպես երկու անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։

Որքան էլ զարմանալի է, սակայն երկու ակումբներն էլ իրենց չեմպիոնական տիտղոսներից մեկը նվաճել են բասկյան դերբիում հաղթելուց հետո։

Այսպես, «Լա Ռեալը» 81/82 մրցաշրջանի վերջին տուրում, հաղթելով «Ատլետիկին» 2:1 հաշվով, մրցաշարային աղյուսակում պահպանեց առաջատարությունն ու դարձավ Լա լիգայի չեմպիոն։

1983/84 մրցաշրջանում էլ պատկերը կրկնվեց, սակայն այս անգամ «Ատլետիկը» 2:1 հաշվով հաղթեց «Սոսիեդադին» ու դարձավ Լա լիգայի չեմպիոն։

Հատկանշական է, որ մինչ օրս Լա լիգայի շրջանակում այդ չեմպիոնական տիտղոսները վերջինն են բասկյան ակումբների համար։

2. Մի շարք անվանի ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են եկել բասկյան ակումբների կազմում

«Ատլետիկը» հայտնի է այն բանով, որ հանդես է գալիս միայն բասկյան ծագում ունեցող ֆուտբոլիստներով, սակայն ակումբը, ամեն դեպքում, կարող է հպարտանալ, որ համաշխարհային ֆուտբոլին տվել է բազմաթիվ անվանի անուններ։ Նրանց թվում են Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուներից Տելմո Սարան, դարպասապահ Անդոնի Սուբիսարետան, Խուլիեն Գերերոն, Ֆերնանդո Լյորենտեն, Արից Ադուրիսը և այլոք։

«Ատլետիկի» ներկայիս կազմից կարելի է առանձացնել Ինիակի Վիլիամսին, ով վերջերս գերազանցեց Լա լիգայի շրջանակում անընդմեջ հանդիպումների մասնակցության ռեկորդը, ինչպես նաև հավերժ երիտասարդ ավագ Իկեր Մունիայինին ու Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ Ունայի Սիմոնին։

«Ռեալ Սոսիեդադը» հիմնադրումից ի վեր երկար ժամանակ նույնպես հանդես է եկել միայն բասկ ֆուտբոլիստներով, սակայն 1980-ականների վերջերից խախտվեց այդ ավանդույթը, երբ 1989 թ. «Լա Ռեալը» իր շարքեր հրավիրեց «Լիվերպուլի» իռլանդացի հարձակվող Ջոն Օլդրիջին։

Եթե ժամանակին «Սոսիեդադի» կազմում տոն էին տալիս սերբ Դարկո Կովաչևիչն ու թուրք հարձակվող Նիհատ Կահվեչին, ապա այժմ թիմի հիմնական կորիզն ու առաջատարներն իսպանացիներ են` ի դեմս Ալեքս Ռեմիրոյի, Միկել Մերինոյի, Միկել Օյարսաբալի, Պորտուի ու Դավիդ Սիլվայի։ Կարելի է առանձնացնել նաև շվեդ գոլահար Ալեքսանդր Իսակին։

3. Նախքան յուրահատուկ եզրափակիչը, Իսպանիայի գավաթի շրջանակում «Ռեալ Սոսիեդադը» երբեք չէր հաղթել «Ատլետիկին»

Երկար տարիների ընթացքում բասկյան ակումբները մի քանի անգամ միմայնց դեմ բախվել են նաև Իսպանիայի գավաթի շրջանակում, ու մշտապես առավելությունը եղել «Ատլետիկի» կողմը։

Նախքան 2019/20 մրցաշրջանը, կողմերն Իսպանիայի գավաթի տարբեր փուլերում հանդիպել էին 3 անգամ ու բոլոր դեպքերում պայքարը շարունակել էր Բիլբաոն ներկայացնող ակումբը։

«Ատլետիկը» գավաթի 1960/61 խաղարկության 1/8 եզրափակիչում «Սոսիեդադին» հաղթեց ընդհանուր 5:1 հաշվով, իսկ 71/72 մրցաշրջանում կողմերը հանդիպեցին արդեն գավաթի 1/4 եզրափակիչում ու կրկին հաղթեց «Բիլբաոն»` 3:1 հաշվով։

1974/75 մրցաշրջանում ակումբները նորից մրցեցին Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում։ Կողմերի միջև երկու խաղերից հետո գրանցվեց 4:4 հաշիվը, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Ատլետիկը»։

Իսպանիայի գավաթի 2019/20 մրցաշրջանում սառույցը կոտրվեց. «Ռեալ Սոսիեդադը» վերջապես հաղթեց «Ատլետիկին» Copa del Rey-ի շրջանակում։

Ընդ որում` այդ հաղթանակը «Լա Ռեալին» պարգևեց վերջին 36 տարվա առաջին տիտղոսը։

Ակումբները հասել էին մինչև գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն հանդիպումը կորոնավիրուսի չարաբաստիկ համաճարակի պատճառով հետաձգվեց 1 տարով։

Ի վերջո, 2021 թ. ապրիլի 3-ին Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում կայացավ երկար սպասված հանդիպումը, որն ավարտվեց «Ռեալ Սոսիեդադի» հաղթանակով` 1:0 հաշվով, իսկ սանսեբաստիանցիներին հաղթանակ պարգևեց թիմի ավագ Միկել Օյարսաբալի գոլը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023