Անգլիացի միլիարդատերը պատրաստ է եղել գնել Բարսելոնայի բաժնետոմսերի 50%-ը

Անգլիացի միլիարդատերը պատրաստ է եղել գնել Բարսելոնայի բաժնետոմսերի 50%-ը

01/07/2023 - 11:25

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ն, անգլիացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է եղել դառնալ «Բարսելոնայի» համասեփականատեր։

Այդ մասին հայտնի է դարձել Ineos քիմիական ընկերության սեփականատիրոջ մասին պատմող գրքից, ում պատկանում է նաև Լիգա 1-ում հանդես եկող «Նիցցան»։

70-ամյա գործարարը «բլաուգրանայի» հետ քննարկել է ակումբի բաժնետոմսերի 50%-ի գնումը։

Բանակցությունների հստակ ժամկետը հայտնի չէ, բայց նշվում է, որ դա տեղի է ունեցել Ժոան Լապորտայի` «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում վերադառնալուց հետո (2021 թ. մարտ)։

Նշվում է, որ Ռեթքլիֆը սարսափել է այն գաղափարից, որ Լապորտան «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով մտադիր է եղել 25 տարով ակումբի հեռուստատեսային իրավունքները վաճառել ամերիկյան Sixth Street ընկերությանը։ Հետագայում Լապորտայի այդ քայլերը ֆուտբոլային հանրությունն անվեց «ֆինանսական լծակներ»։

«Մենք նրան ասացինք. «Մի գնացեք այդ քայլին։ Կներդնենք 2-3 մլրդ ֆունտ գումար, կվերանորոգենք «Կամպ Նոու» մարզադաշտը և կտնօրինենք բաժնետոմսերի 50%-ը»։ Մեզ հետաքրքրիր էր միայն ֆուտբոլը, այլ ոչ թե գումար աշխատելը։ Ես կարծում էի, որ այդ քայլը կտար իր արդյունքները։

Մենք քննարկեցինք ամեն ինչ, սակայն, վերջիվերջո, նրանք մտածում էին, որ երկրպագուները չեն հասկանա այդ քայլը (խմբ.` Այս պահին «Բարսելոնան» շահույթ չհետապնդող կազմակերպություն է և պատկանում է երկրպագուներին՝ ակումբի գրանցված անդամներին, ովքեր վճարում են անդամավճարներ: Իսպանիայում նրանց անվանում են սոսիոս։ 2023 թվականի մայիսի 31-ի դրությամբ «Բարսայի» սոսիոների քանակը հասնում է ավելի քան 150.317 մարդու

Դա դեպի աղետ տանող ճանապարհ է։ Մենք փորձում էինք ապացուցել դա նրանց, սակայն նրանք մեզ ասում էին. «Մենք գիտենք դա, սակայն «Բարսելոնան» կառավարելը կարճատև գործընթաց է։ Նախագահը գալիս է և փորձում 5 տարում լուծել խառնաշփոթն ու իր լիազորությունները փոխանցում հաջորդին»։

Այժմ նրանք ակումբին պատկանող շատ իրավունքներ վաճառել են 25 տարով։ Նրանք դրանք վաճառել են ամերիկյան հեջ-ֆոնդերին (խմբ.` Ներդրումային հիմնադրամ, որը կենտրոնացած է տվյալ ռիսկի համար առավելագույն եկամտաբերության կամ որոշակի եկամտաբերության տոկոսադրույքի համար ռիսկերը նվազագույնի հասցնելու վրա

Այսպիսով, նրանք ունեն այս մեծ փողերի կույտը, որն այժմ կարող են… ծախսել»,- նշված է վերոնշյալ գրքում։

Հավելենք, որ այժմ Ջիմ Ռեթքլիֆը փորձում է 5 մլրդ ֆունտի դիմաց ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի ողջ քանակը։

Ավելացնենք, որ անգլիացի գործարարը Ineos քիմիական ընկերության գործադիր տնօրենն է, որը 1998 թվականին ինքն է անձամբ հիմնադրել։

Նշենք, որ ընկերության տարեկան շրջանառությունը 2021 թ. դեկտեմբերին կազմել է 17 մլրդ ֆունտ` լինելով աշխարհի 4-րդ ամենախոշոր քիմիական ընկերությունը։

2023 թ. մայիսի դրությամբ Ջիմ Ջեթքլիֆի կարողությունը գնահատվել է 29,8 մլրդ ֆունտ, և այդ ցուցանիշով նա Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենահարուստ մարդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023