Ալեխանդրո Պապու Գոմեսը որակազրկվել է 2 տարով

Ալեխանդրո Պապու Գոմեսը որակազրկվել է 2 տարով

20/10/2023 - 18:27

Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, «Մոնցայի» և Արգետնինայի հավաքականի կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը որակազրկվել է երկու տարով` հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ որոշումը կայացրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը։ Դեռևա հայտնի չէ 35-ամյա ֆուտբոլիստը կբողոքարկի այդ որոշումը, թե` ոչ։

Հաղորդվում է, որ արգելված դեղամիջոցը Գոմեսի մոտ հայտնաբերվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Արգենտինայի հավաքականի համար հաղթական դարձած աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ։

Այդ ժամանակ, երբ Գոմեսը դեռևս հանդես էր գալիս «Սևիլիայի» կազմում, ակումբի մարզաբազա են ժամանել հակադոպինգային մարմնի ներկայացուցիչներ և արգենտինացի ֆուտբոլիստից թեստ են վերցրել, որը եղել է դրական։

Նշվում է, որ Գոմեսն այդ դեպքից օրեր առաջ իրեն վատ է զգացել, ինչի պատճառով գիշերը նա, առանց ակումբի բժիշկների հետ խորհրդակցելու, իր երեխաներից մեկի օշարակն է ընդունել։

Ըստ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կանոնների` դա չի արդարացնում Գոմեսի քայլը, ով նման իրավիճակում պետք է ինքնուրույն ուսումնասիրեր արգելված դեղամիջոցների ցանկը։

35-ամյա ֆուտբոլիստն ու «Սևիլիան» ստեղծված իրավիճակի մասին վաղուց գիտեին, ինչի պատճառով կողմերը սույն թվականի սեպտեմբերին խզեցին գործող պայմանագիրը։

Ստեղծված իրավիճակում արգենտինացի կիսապաշտպանն անչափ դժվարությամբ կարողացավ նոր ակումբ գտնել, քանի որ ոչ ոք չէր ցանկանում ռիսկի դիմել։

Գոմեսը ցանկանում էր սպասել մինչև 2024 թ. հունվարը` իմանալու համար որակազրկվում է, թե` ոչ, սակայն սեպտեմբերի 29-ին ընդունեց «Մոնցայի» առաջարկն ու պայմանագիր կնքեց միլանյան ակումբի հետ, որի կազմում արդեն անցկացրել է 2 հանդիպում։

Հավելենք նաև, որ ԱԱ-2022-ի շրջանակում Պապու Գոմեսն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023