Պինեյրուն բացատրել է` ինչու է կարմիր քարտ ցույց տվել Էմբոլոյին Արգենտինա – Շվեյցարիա խաղում 🎥
Մրցավար Ժոաու Պինեյրուն բացատրել է, թե ինչու է Բրիլ Էմբոլոյին կարմիր քարտ ցույց տվել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի Արգենտինա – Շվեյցարիա (3:1) խաղում, հայտնում է Canal 11-ը։
«Այդ դրվագում մրցավարական անձնակազմի բոլոր անդամները կարծեցին, թե արգենտինացի ֆուտբոլիստը դեղին քարտի արժանի խախտում թույլ տվեց։ VAR-ն անմիջապես արձագանքեց և հայտնեց, որ խախտում չի եղել, իսկ մյուս ֆուտբոլիստը սիմուլյացիայի է դիմել։
Վերլուծեցինք դրվագը և հասկացանք, որ փաստացի խախտում չէր եղել, այլ շվեյցարացի ֆուտբոլիստը սիմուլյացիայի էր դիմել։ Դա նրա երկրորդ դեղին քարտն էր, ինչի հետևանքով էլ հեռացվեց։ Եթե դա լիներ առաջին դեղին քարտը, որոշումը նույնը կլիներ։
Դա ՖԻՖԱ-ի կողմից առաջարկված և ընդունված նոր կանոնի կիրառում էր։ Կարծում եմ` ընդունված օրենքները միտված են բարելավելու խաղը։ Կարող եմ ասել, որ դրանք նպաստել են նաև մրցավարների` ավելի լավ աշխատանքին։ Անկեղծ, այդ փոփոխություններին շատ դրական եմ վերաբերվում»,- ասել է պորտուգալացի մրցավարը։
Արգենտինայի դեմ խաղում Պինեյրուն 72-րդ րոպեին դաշտից հեռացրել է Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոյին։
Սկզբում 38-ամյա մրցավարը կանոնների խախտման համար դեղին քարտ էր ցույց տվել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին, բայց հետագայում փոխեց որոշումը` Էմբոլոյի խաղում արձանագարելով սիմուլյացիա։ Շվեյցարացի ֆուտբոլիստն ստացավ երկրորդ դեղին քարտը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml