Ներկայացում «Սանտիագո Բերնաբեուում». Ռեալը թրիլլերային խաղով  դուրս եկավ կիսաեզրափակիչ🎥

Ներկայացում «Սանտիագո Բերնաբեուում». Ռեալը թրիլլերային խաղով դուրս եկավ կիսաեզրափակիչ🎥

13/04/2022 - 01:32

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 3:1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից Թոմաս Տուխելի թիմը տիրեց նախաձեռնությանն ու արդեն 15-րդ րոպեին Մեյսոն Մաունթի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։

Խփած գոլից հետո էլ խաղն ընթանում էր «ազնվականների» թելադրանքով, սակայն հաճախ բանը չէր հասնում իրական գոլային պահերին։

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա «արքայական» ակումբը, մեծ հաշվով, ոչնչով աչքի չընկավ առաջին խաղակեսում։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում նույնպես լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներն ունեին առավելություն ու 51-րդ րոպեին կրկնապատկեցին հաշվի տարբերությունը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Անտոնիո Ռյուդիգերը։

Ոգևորված ձեռքբերածով` «թոշակառուները» նետվեցին առաջ ու 63-րդ րոպեին հաշիվը դարձրին արդեն 3:0, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը Մարկոս Ալոնսոյի խփած գնդակը ձեռքով խաղի պատճառով չարձանագրեց։

Ամեն դեպքում, 75-րդ րոպեին «Չելսիի» ֆուտբոլիստները հաշիվը դարձրին 3:0. ֆանտաստիկ անցումից հետո աչքի ընկավ Տիմո Վերները։

Այդուհանդերձ, Կառլո Անչելոտիի թիմը 80-րդ րոպեին, կարելի է ասել, առաջին լուրջ գոլային պահը վերածեց դարպասի գրավման. Լուկա Մոդրիչի անհավանական փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգո Գոյեսը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին կեսը մեկնարկեց «արքայական» ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր էլ 96-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեց Ֆերլան Մենդիի պաշտպանած դարպասը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:3. գոլի հեղինաի դարձավ Կարիմ Բենզեման։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Թոմաս Տուխելը մի շարք փոփոխություններ կատարեց, սակայն դրանք որևէ արդյունք չտվեց, քանի որ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներն ընկճված տեսք ունեին և չկարողացան այլևս ոչինչ առաջարկել մրցակցին։

Այսպիսով, «Ռեալը», ճիշտ է, այս խաղում պարտվեց 2:3 հաշվով, սակայն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:4 հաշվով ու պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, որի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023