Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան՝ աշխարհի առաջնությանը զուգահեռ․ ի՞նչ իրավիճակ է առաջնությունում

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան՝ աշխարհի առաջնությանը զուգահեռ․ ի՞նչ իրավիճակ է առաջնությունում

17/11/2022 - 23:48

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում մրցակցությունն ու պայքարը շարունակվում է։ Չեմպիոնական պայքարը հետաքրքրանում է, իսկ հետնապահները փորձում են դուրս գալ թմբիրից։

Շուտով կմեկնարկի աշխարհի առանությունը, բայց այն չի խանգարի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգային։

Այժմ փորձենք միասին հասկանալ Հայաստանի ներքին առաջնության բոլոր ինտրիգներն ու վերլուծել 2022/23 մրցաշրջանի ընթացքում ակումբների` մինչ այս պահը ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները։

«Նոա»

Անցկացրած հանդիպումներ – 16

Վաստակած միավորներ – 5

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 10

Երևանյան ակումբը Ռոբերտ Արզումանյանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է շուրջ 3 ամիս առաջ, բայց այս ընթացքում և անգամ դրանից առաջ «Նոան» անցկացրած 16 խաղում դեռևս հաղթանակ չի տոնել, իսկ 2 տարի առաջ նրանք պայքարում էին չեմպիոն դառնալու համար։ Այժմ ակումբն իր ակտիվում ունի միայն 5 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Տպավորություն է, թե «Նոային» ինչ-որ բան չի բավականացնում՝ առաջին հաղթանակը տանելու համար։ Արզումանյանը լավ մարզիչ է և շատ է սիրում աշխատել երիտասարդների հետ։ Դրա վառ ապացույցը այն էր, որ նա «Ուրարտուի» հետ հասավ Հայաստանի գավաթի եզրափակիչ՝ պարտվելով միայն «Նորավանքին» (0:2), որը, ցավոք, արդեն լուծարվել է։

Խնդիրներն ավելի խորքային են: Եկեք գնանք հետ՝ 2021/22 մրցաշրջանի ամառային տրասնֆերային պատուհան։ Այդ ժամանակ թիմում խաղում էին այնպիսի խաղացողներ, ովքեր մեր առաջնության մակարդակով բավական արդյունավետ ֆուտբոլ էին ցուցադրում։ Խոսքը Պետրոս Ավետիսյանի, Դանու Սպատարուի, Մաքսիմ Մայրովիչի, Վլադիմիր Ազարովի մասին է։ Այս կազմը երկու մրցաշրջան պայքարում էր չեմպիոնության համար, իսկ 2019/20 մրցաշրջանում նրանք փայլուն comeback արեցին, որը լավագույններից էր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մետ։ Բոլորս ենք հիշում 2020 թ. հուլիսի 10-ին կայացած Հայաստանի գավաթի եզրափակիչը, երբ «Նոան» հանդիպման ընթացքում «Արարատ-Արմենիային» զիջում էր, 1:4 հաշվով, սակայն կարողացավ վերադառնալ, խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում կողմերը ևս մեկական գնդակով փոխանակվեցին և 5:5 հաշվի պայմաններում իրացրին 11-մետրանոցներ, որի արդյունքում էլ «Նոան» դարձավ Հայաստանի գավաթակիր։

Ակումբն այդ կազմով նվաճեց նաև Հայաստանի Սուպերգավաթը, իսկ հիմա մի պահ ուշադրություն․ «Նոայի» այդ կազմից ակումբում մնացել է 0, Կառլ, 0 ֆուտբոլիստ։

«Նոան», կորցնելով իր հիմնական կորիզը և փոխելով զարգացման վեկտորը, այժմ անփառունակ արդյունքներ է գրանցում։ Հայկական ֆուտբոլում բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող ակումբն այժմ խորն անդունդում է և եզրափակում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը…

ԲԿՄԱ

Անցկացրած հանդիպումները – 16

Վաստակած միավորները – 8

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 9

Եթե նախորդ մրցաշրջանում ԲԿՄԱ-ն Առաջիմ խմբից հետո Պրեմիեր լիգային հարմարվելու խնդիր էր լուծում, ապա 2022/23 մրցաշրջանում նախորդի նման վատ արդյունքներ գրացելու իրավունք չուներ։

Տպավորություն է՝ երբ հարցնես`արդյո՞ք ԲԿՄԱ-ի արդյունքները գոհացնող են, պատասխանելու են, թե նրանք դեռ սովորում են առաջնության խաղամակարդակին ու արդյունքները շուտով կգան։

Թիմում երիտասարդներից բացի, խաղում են նաև բավարար փորձ ունեցող ֆուտբոլիստներ, ովքեր օգնում են երիտասարդներին, սակայն դրական արդյունքներ, որպես այդպիսիք, չկան։

Ընդամենը 1 հաղթանակ, խփած 12 գոլ, որից 5-ը Ժիրայր Շաղոյանն է խփել, ով արդեն հեռացել է ակումբից և տեղափոխվել Սոֆիայի ԲԿՄԱ։ Դրան զուգահեռ, «բանակայինները» բաց են թողել 27 գոլ։

Իրականում, նման արդյունքները խոսում են այն մասին, որ ԲԿՄԱ-ի նախագիծը դեռ կյանքի չի կոչվել և մի շարք պարտություններ կարող են վատ անդրադառնալ, բայց մեկ բան ևս կարևոր է։

Գուցե, Ռաֆայել Նազարյանը սպառե՞լ է իրեն։ Ֆուտբոլում եղել են նման դեպքեր, երբ մարզիչը գլխավորում է և՛ հավաքական, և՛ որևէ ակումբ, բայց նման մեծ ռիսկի գնալու համար հարկավոր է լինել բարձրակարգ մասնագետ։

Ամեն դեպքում, կարելի է մեկ այլ մարզչի վստահել ԲԿՄԱ-ի ղեկը, քանի որ Նազարյանի թիմը եթե նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղից հետո վաստակել էր 18, ապա այս մրցաշրջանում 16 տուրից հետո` ընդամենը 8 միավոր։

«Շիրակ»

Անցկացրած հանդիպումները – 16

Վաստակած միավորները – 14

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 8

Գյումրու «Շիրակը» մեկտարյա դադարից հետո վերադարձավ Հայաստանի բարձրագույն առաջնություն։

«Շիրակի» խաղը, ինչ-որ տեղ, համապատասխանում է արդյունքին, քանի որ կազմը գրեթե ամբողջովին փոխվել է և ավելի երիտասարդացել։

Այս մրցաշրջանում ակումբի նպատակը, գուցե, կայուն խաղ ցուցադրելն է, ինչը, սակայն, այդքան էլ հաջող չի ստացվում, բայց դրա համար կան նախադրյալներ։

«Շիրակը», Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մրցաշարային աղյուսակի միջնամասում տեղ գտնելու համար է պայքարելու, քանի որ այս կազմով եվրագավաթային ուղեգրի համար պայքարելը դեռ շուտ է, առավել ևս, որ նրանք եվրագավաթային ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկին» զիջում են արդեն 13 միավոր։

«Շիրակը» Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի ամենաքիչ գոլ խփած թիմն է` ընդամենը 9 գնդակ։

Շուտով ձմեռային տրանսֆերային պատուհանը կբացվի, այդ ընթացքում մի շարք փորձառու և Հայաստանի առաջնությանը ծանոթ խաղացողների թիմ հրավիրելով՝ գյումրեցիները կարող են լուծել այս մրցաշրջանի՝ իրենց առջև դրված խնդիրը։

«Արարատ»

Անցկացրած հանդիպումները – 16

Վաստակած միավորները – 18

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 7

«Արարատը» Վարդան Բիչախչյանից հետո դեռևս չի կարողանում խաղալ այն խաղը, որը կար հենց գյումրեցի մասնագետի օրոք։

Այո՛, այդ ժամանակ «Արարատը» Հայաստանի առաջնությունում չեմպիոն դառնալու հիմնական ֆավորիտներից էր, սակայն Բիչախչյանը հեռացավ, և ակումբը դեռևս չի գտնում իր տեղն արևի տակ։

«Արարատը» «Շիրակից» հետո ամենաքիչ գոլ խփած թիմն է․ երևացիները 16 խաղում ընդամենը 10 անգամ են գրավել մրցակիցների դարպասը։

Այդուհանդերձ, չնայած այդ քիչ արդյունավետությանն` «Արարատը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում տոնել է 5 հաղթանակ։

Այդ 5 հաղթանակի մեդալի հակառակ կողմն էլ այն է, որ ակումբի ղեկավար կազմում այժմ կրկին խառնաշփոթ է։ «Արարատը» մրցաշրջանն սկսեց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, սակայն նա հոկտեմբերին հեռացավ զբաղեցրած պաշտոնից։

Ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում էր նշանակել Ալեքսանդր Գրիգորյանին, սակայն վերջինս չցանկացավ գնալ այդ ռիսկին։ Դեռ ավելին` իր ոճի մեջ հարցազրույց տվեց և նշեց, որ դժգոհ է այն ամենից, ինչ կատարվում է «Արարատի» ներսում, սակայն չբացեց բազում փակագծեր։

Սա խոսում է միայն այն մասին, որ «Արարատի» նման լեգենդար ակումբը, ինչպես հաճախ, այնպես էլ այժմ ունի ավելի շատ ներքին ինտրիգներ, քան խաղային խաղային խնդիրներ։

Դրան ավելացել է նաև այն, որ ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել է հայկական ֆուտբոլում ոչ այնքան բարի համբավ ունեցող Վալերի Հովհաննիսյանը։

Այժմ «Արարատը» հանդես է գալիս 36-ամյա Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ, ով պետք է փորձի ակումբին բարձրացնել եվրագավաթային գոտի, սակայն դրա հեռանկարները դեռևս չեն երևում։

«Լեռնային Արցախ»

Անցկացրած հանդիպումները – 16

Վաստակած միավորները – 20

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 6

«Լեռնային Արցախն» այն եզակի ակումբներից մեկն է, որը կարողացավ առաջին իսկ մրցաշրջանում գերազանցել նույնիսկ շատերի սպասելիքները։

«Լեռնային Արցախը» մեր առաջնության պինդ թիմերից է, որի դեմ միշտ դժվար է խաղալ։ Ուժային խաղն ու ագրեսիվությունն այս թիմին լավ արդյունքներ են ապահովում։

Ակումբի գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը կարողացել է լավ կազմ ընտրել և այժմ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են, բայց երկրորդ խաղաշրջանում, եթե նրանց միանան փորձառու և գոլային հոտառություն ունեցող ֆուտբոլիստներ, ապա «Լեռնային Արցախը» կպայքարի նաև եվրագավաթային ուղեգրի համար։

Ակումբի խաղի առանձնահատկություններից մեկն այն է, որ կարողանում է մրցակցին զրկել խաղի ժամանակ ազատ գոտիներից, բավական ագրեսիվ են և միասնական մեխանիզմի պես են աշխատում։ Նման շարունակությամբ՝ «Լեռնային Արցախը» հաջորդ մրցաշրջաններում ձեռնոց կնետի արդեն առաջնության հզորներին, իսկ մինչ այդ կա գարնանային հատված, որին թիմն առաջին անգամ է առերեսվելու։

Սակայն, ինչպես կարողացան լավ սկսել մեկնարկային հատվածը, այդպես էլ կարող են շարունակել նաև գարնանը։

«Վան»

Անցկացրած հանդիպումները – 16

Վաստակած միավորները – 23

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 5

2021/22 մրցաշրջանների համեմատ՝ այս մրցաշրջանում Չարենցավանը ներկայացնող ակումբը բավական լավ է մեկնարկել։

Մրցաշրջանի մեկնարկում «Վանը» շատ լավ արդյունքներ էր գրանցում, սակայն հետո մի քանի ոչ-ոքիներ ու պարտություններ եղան, ինչի հետևանքով ակումբը դուրս մղվեց լավագույն քառյակից։ Այժմ չարենցավանցիները, 23 միավորով, 5-րդն են։

Ընթացիկ մրցաշրջանում «Վանի» նպատակը շատ պարզ է․ նվաճել եվրագավաթային ուղեգիր, բայց մինչ այդ պետք է անդրադառնալ` ինչ վիճակում է թիմը ներկա պահին։

Արթուր Ասոյանի թիմը վերջերս 2 անընդմեջ հաղթանակ է տոնել, ինչը խոսում է ակումբի լավ մարզավիճակի մասին։

«Վանը» յուրաքանչյուր մրցակցի դեմ խաղում կարողանում է գտնել հակախաղը, սակայն գրանցած պարտությունների պատճառներից մեկը բալանսավորված կազմ չունենալն է։

Այո՛, «Վանը» բավական լավ ֆուտբոլիստներով է համալրված, բայց ավելիին հասնելու համար այս տղաներին նոր, ավելի թարմ արյուն է պետք։

«Վանը» հիմնականում կաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։ Այդ դիրքի ամրապնդման համար Արթուր Միրանյանից լավ տարբերակ այժմ դժվար է գտնել, ով ազատ գործակալի կարգավիճակում է։

Միրանյանը դեռևս նախորդ մրցաշրջանում ապացուցեց, որ գարնանային հատվածում կարող է լուրջ համալրում դառնալ ցանկացած ակումբի համար։

Միանշանակ, «Վանը» կարող է պայքարել եվրագավթային տեղ զբաղեցնելու համար, սակայն, անկասկած, ակումբին պետք են նոր համալրումներ։

«Փյունիկ»

Անցկացրած հանդիպումները – 15

Վաստակած միավորները – 27

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 4

«Փյունիկը» եվրագավաթային աշուն պարգևեց հայ երկրպագուներին։ Ամեն ինչ այնքան լավ էր, որ ակումբը կարող էր նաև եվրագավաթային գարուն բերել Հայաստան, բայց, ցավոք, ինչ-որ բան չստացվեց, ինչի մասին արդեն խոսել ենք։

Բայց «Փյունիկը» դեռևս չի կարողանում «վերադառնալ» Հայաստան։ Սա մեծ խնդիր է Եղիշե Մելիքյանի թիմի համար, քանի որ չեմպիոնության համար պայքարող թիմը պետք է արագ մոռանա եվրագավաթային խաղերի արդյունքները և կենտրոնանա ներքին առաջնության խաղերին։

Այս խնդիրը միայն «Փյունիկինը» չէ։ Բազմաթիվ թոփ թիմեր ևս չեն կարողանում պայքարել երկու ճակատով։ Ճիշտ է, երևանյան ակումբն արդեն 11 միավորով զիջում է առաջատար «Ուրարտուին», բայց նախորդ տարվա գարնանային հատվածը բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես «Արարատ-Արմենիան», Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ, ահռելի միավորների կորուստ ունեցավ, իսկ «Փյունիկը» օգտվեց դրանից ու դարձավ չեմպիոն։

Այդուհանդերձ, «Փյունիկը» շարունակելու է խնդիրներ ունենալ, եթե ակումբը ձմռանը թիմ չհրավիրի իսկական գոլահարարի։ Նախորդ մրցաշրջանում Ուգո Ֆիրմինոն և Սերժ Դեբլեն կարողացան «Փյունիկին» վճռորոշ հաղթանականեր պարգևել, իսկ այս մրցաշրջանում նման առաջատարներ չկան։

Գուցե, պետք է գնել հարձակվողների, որոնք իրական վտանգ են ներկայացնում մրցակիցների համար, չնայած նման ֆուտբոլիստներով թիմը պետք է հալարվեր դեռ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլից առաջ։

Ինչևէ, «Փյունիկը», թեկուզ իր այսպիսի խաղով, կարողանում է նվազագույնը ապահովել, բայց մեծ արդյունքի համար, իհարկե, ավելացնելու տեղեր կան։

«Ալաշկերտ»

Անցկացրած հանդիպումները – 17

Վաստակած միավորները – 34

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 3

Երևանյան թիմը մրցաշրջանի սկզբում առաջանության առաջատարն էր և շատ լավ ֆուտբոլ էր ցուցադրում։ Հետո թիմի խաղը փոքր-ինչ անկում ապրեց ու այժմ 3-րդն է 34 միավորով։

«Ալաշկերտի» այս հաջողությունների առանցքային գործոններից մեկը Բլադիմիր Դիասի ներկայությունն է, ով այս պահին Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն է՝ խփած 11 գոլով, բայց նախորդ մրցաշրջանների համեմատ՝ նրանք ավելի լավ արդյունքներ ունեն այս հատվածում, և դրա վառ ապացույցն այն է, որ Կարեն Բարսեղյանի թիմն ամենաքիչ պարտություն կրած երկրորդ թիմն է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում (3)։

«Ալաշկերտի» լավ խաղը պայմանավորված է նաև թիմի` հիմնական կորիզի ակումբում մնալով։

Խաղակցվածության խնդիր գրեթե չունեն ֆուտբոլիստները, սակայն, ինչպես մյուս ակումբներին, «Ալաշկերտին» ևս պետք են նորեկներ, հատկապես պաշտպանությունում, քանի որ առաջատարների համեմատ՝ նրանք բավականին շատ գոլեր են բաց թողել («Ուրարտու»` 9, «Արարատ-Արմենիա»` 8, «Ալաշկերտ»՝ 18 )։

Եթե «Ալաշկերտը» նպատակադրվել է չեմպիոն դառնալ, ապա գարնանային հատվածը շատ որոշիչ է լինելու, իսկ այս կազմը, որքան էլ ներկա պահին արդյունք է բերում, գարնանը կարող է կաղալ։

Բացառված չէ նաև, որ ձմռանն ակումբից կհեռանան մի շարք ֆուտբոլիստներ։

«Արարատ-Արմենիա»

Անցկացրած հանդիպումները – 16

Վաստակած միավորները – 35

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 2

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում անհաջողությունից հետո Վարդան Բիչախչյանի թիմն սկսեց քիչ-քիչ խաղալ այն ֆուտբոլը, որին միշտ սպասել են երկրպագուները։

Ակումբն այս պահին մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ընդամենը 3 միավորով է զիջում առաջնության առաջատար «Ուրարտուին», սակայն այս նոյեմբերի 30-ին նրանք միմյանց դեմ են մրցելու, որը 6-միավորանոց խաղ է լինելու։

Կարելի է ասել`«Արարատ-Արմենիան» հավաքել է առաջնության ամենազորեղ թիմը և, իհարկե, չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտն է։ Բիչախչյանի թիմը վերջին անգամ պարտվել է դեռևս նախորդ ամիս, երբ 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»։ Դրանից հետո նրանք 5 հաղթանակ են տարել և գրանցել 1 ոչ-ոքի։

Երևանյան թիմի խնդիրը խաղային մոդելի վերջնական հասկանալն է, ինչը, կարծում ենք, ժամանակի խնդիր է։ «Արարատ-Արմենիան» այն միակ թիմն է, գուցե, որին նորեկներ այժմ հարկավոր չեն, քանի որ ամեն դիրքում նվազագույնը երկու ֆուտբոլիստ կա, ովքեր մրցակցում են՝ մեկնարկայի կազմում հայտնվելու համար։

Երկար պահեստայինների նստարանն էլ կարող է հենց մեծ խթան հանդիսանալ չեմպինության հետագա պայքարի համար։

«Ուրարտու»

Անցկացրած հանդիպումները – 38

Վաստակած միավորները – 16

Դիրքը մրցաշարային աղյուսակում – 1

Ամռանը շատերը կդժվարանային կռահել, որ «Ուրարտուն» այս պահին կլինի առաջին հորիզոնականում, և, արդեն վստահաբար կարելի է փաստել, որ նրանք պայքարելու են չեմպիոնի կոչման համար։ Վերջապես «Ուրարտուն» կարող է իր իրական ներուժը ցույց տալ։ Դմիտրի Գունկոյի հետ թիմը բոլորովին նոր մակարդակի վրա դուրս եկավ։

Թիմը համալրված է ինչպես բարձրակարգ լեգեոներներով, այնպես էլ տեղացի ֆուտբոլիստներով, որոնց խաղի համադրության հետևանքը մրցաշարային աղյուսակի առաջատարությունն է։

«Ուրարտուն» թիրախային տրանսֆերներ իրականացրեց ամռանը և ձմռանը կարող է ամրացնել միայն կիսապաշտպանության եզրերը։

Այս պահին «Ուրարտուն» թիմային, շատ գրավիչ, ակնահաճո ու գովելի ֆուտբոլ է ցուցադրում, որն արժանի է նվազագույնը եվրագավաթում խաղալուն։ Չեմպիոնության մասին խոսելը, կարծում ենք, դեռևս վաղ է, սակայն կան նաև դրա բոլոր նախադրյալները։

Ճիշտ է, Գունկոն նախորդ տարի փայլուն առաջին հատվածից հետո ձախողեց գարնանային շրջանը, բայց շատերը համոզված են, որ այդ նույն սխալը «Ուրարտուի» հետ չի պատահի։

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան շատ ավելի է հետաքրքրանում գարնանը։ Վստահ ենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս մրցաշրջանում, մինչև վերջին տուրը պայքար կունենանք, և չեմպիոնի անունը հայտնի կդառնա միայն վերջին պահին։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023