Ռումինական անվանի ակումբը Յուրիչիչի տրանսֆերի դիմաց պատրաստ է կլորիկ գումար վճարել Փյունիկին

Ռումինական անվանի ակումբը Յուրիչիչի տրանսֆերի դիմաց պատրաստ է կլորիկ գումար վճարել Փյունիկին

16/07/2023 - 00:36

«Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը, հնարավոր է, կարիերան շարունակի ռումինական ամենաանվանի ակումբներից մեկի` «Կլուժի» կազմում։

Ինչպես հայտնում է «Կլուժին» մոտ կանգնած աղբյուրներից prosport.ro-ն, ռումինական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Փյունիկին» վճարել 300 հազար եվրո։

«Կլուժի» սեփականատեր Նելու Վարգան հայտնել է, որ ակումբը շատ մոտ է բոսնիացի հարձակվողին ձեռք բերելուն։

Այդուհանդերձ, գործարքի կայացման հիմնական խոչընդոտն այն է, որ թե՛ «Փյունիկը» և թե՛ «Կլուժը» մասնակցում են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության` ֆուտբոլիստը որակավորման փուլին կարող է մասնակցել միայն մեկ ակումբի կազմում, իսկ Լուկա Յուրիչիչը «Փյունիկի» կազմում արդեն դաշտ է դուրս եկել էստոնական «Նարվա Տրանսի» դեմ կայացած առաջին խաղում (2:0)` դառնալով նաև գոլի հեղինակ։

Ակնկալվում է, որ մինչև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ավարտը բոսնիացի ֆուտբոլիստը, միանշանակ, չի հեռանա «Փյունիկից»։

Հիշեցնենք, որ Լուկա Յուրիչիչը նախորդ տարի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկի» կազմում մասնակցել է «Կլուժի» դեմ կայացած պատասխան խաղին` օգնելով հաղթահարել ռումինական ակումբի արգելքը։

Այդ ժամանակ «նռնագույնները» մրցակցին հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով։

Հավելենք, որ Լուկա Յուրիչիչը «Փյունիկի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 42 խաղում դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023