Փյունիկը 11-մետրանոցներով հաղթեց Կլուժին` դուրս գալով ՉԼ որակավորման երկրորդ փուլ🎥

Փյունիկը 11-մետրանոցներով հաղթեց Կլուժին` դուրս գալով ՉԼ որակավորման երկրորդ փուլ🎥

14/07/2022 - 01:22

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց ռումինական «Կլուժի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. տուգանայինի խաղարկումից հետո տանտերերին առաջ մղեց Նանա Բոատենգը։

Հանդիպման մնացած ժամանակահատածում էլ «Կլուժի» ֆուտբոլիստներն ունեին շատ ավելի լավ տեսք և կարող էին մի քանի անգամ մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն չիրացրին մի շարք իրական գոլային պահեր։

Ինչ վերաբերում է Եղիշե Մելիքյանի թիմին, ապա «Փյունիկը» 89-րդ րոպեին կատարած առաջին դիպուկ հարվածով կարողացավ հավասերցնել հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Զորան Գայիչը։

Լրացուցիչ առաջին խաղակեսը մեկնարկեց տանտերերի առավելությամբ, ովքեր 95-րդ րոպեին, օգտվելով դաշտի կենտրոնում Հովհաննես Հարությունյանի կատարած սխալ փոխանցումից, կտրուկ գրոհ զարգացրին և Կլաուդիու Պետրիլիայի ջանքերով կրկին առաջ անցան հաշվի մեջ։

Խաղակեսի վերջնամասում «Փյունիկն» ակտիվացավ և 109-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Քրիստիան Բալգրեդեանը։

Թվում էր` վերջ, «Փյունիկն» խաղը փրկելու շանս այլևս չի ունենա, սակայն 119-րդ րոպեին երևանյան ակումբի ֆուտբոլիստները խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին մրցակցի տուգանային հրապարակում, ինչի ժամանակ էլ կրկին ամենաարագը կողմնորոշվեց Զորան Գայիչը, ով հաշիվը դարձրեց 2:2։

Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով,ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար։

Հարվածաշարի ժանանակ ավելի դիպուկ գտնվեցին «Փյունիկի» ֆուտբոլիստներն ու դուրս եկան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում կմրցեն Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023