Սակի. «Միլանն այլևս թիմ չէ»

Սակի. «Միլանն այլևս թիմ չէ»

06/02/2023 - 23:57

Իտալական Ա սերիայի 21-րդ «Միլանը» 0:1 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Հանդիպումից հետո «ռոսոներիների» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին քննադատել է միլանյան ակումբին.

««Միլանն» այլևս թիմ չէ, ինչը, հատկապես, երևաց երկրորդ խաղակեսում։ «Ինտերը» խաղում էր ոչ թե լուրջ մրցակցի, այլ մարզումային թիմի դեմ։

«Միլանը» վազում էր միայն մրցակցի հետևից և զիջում էր ամեն ինչով։ Պրեսինգի ոչ մի ակնարկ, ոչ մի առաջխաղացում։

Անցումը 5 պաշտպանով խաղին շփոթություն առաջացրեց և կատարված աշխատանքը մի քանի տարով հետ գցեց։ Քանի՞ հարված է «Միլանը» կատարել երկրորդ խաղակեսում։ Զրո։

Սա «Ինտերի» մենախոսությունն էր, որն առանձնապես չլարվելով, առաջին կեսն ավարտեց իր օգտին։

Սիմոնե Ինձզագիի գրեթե բոլոր ֆուտբոլիստները բարձրակարգ են և մեծ փորձ ունեն։ Ակնհայտ է, որ եթե «Միլանը» կենտրոնանար մեկը մեկի դեմ խաղի վրա, հենց սկզբից էլ կպարտվեր։

«Ինտերին» հաղթել հնարավոր է, եթե խաղաս որպես թիմ, ինչը «Միլանը» չարեց։

Երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» վերահսկում էին ամեն ինչ, ինչպես նրանք սովորաբար անում են։ Նրանք այն թիմերից չեն, որոնք «սպանում» են խաղն ու մրցակցին` թույլ տալով նրան «շնչել», ինչն, իհարկե, ռիսկային է։

Ստեֆանո Պիոլին ահռելի աշխատանք է կատարել, ինչի մասին չպետք է երբեք մոռանալ, սակայն դերբիում, անկեղծ ասած, զրոյացրեց այդ աշխատանքը։

Ըստ իս` գաղափարներն ու խաղային համակարգը փոխելը սխալ է։ Այո՛, Ժիրուն և Թեո Էրնանդեսը կարծես քամված կիտրոններ լինեն աշխարհի առաջնությունից հետո, սակայն դա չի նշանակում, որ պետք է փոխել խաղային կառուցվածքը։

Մարզիչը պետք է վստահ լինի իր գաղափարների հարցում, և նա պարտավոր է դրանք փոխանցել ֆուտբոլիստներին։ Եթե նա փոխում է մարտավարությունը, դա նման է «ես սխալվեցի» արտահայտությունն ասելուն։

Մարզչի գործառույթներից մեկը ֆուտբոլիստներին համոզելն է։ Նա պետք է ներթափանցի նրանց գլխուղեղ և ճնշում գործադրի անել այն, ինչ ինքն է ցանկանում։

Գիտե՞ք` ինչ է Անչելոտին ասել այն «Միլանի» մասին, որը ես էի մարզում։ Ասել է, որ ես այնքան վստահ էի իմ գաղափարների հարցում, որ կարողացել եմ համոզել նույնիսկ այն ֆուտբոլիստներին, ովքեր սկզբնական շրջանում թերահավատորեն էին մոտենում ինձ»,- Սակայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հավելենք, որ Արիգո Սակին «Միլանը» մարզել է 1987-91 և 1996-97 թթ.։ «Ռոսոներիները» նրա օրոք 8 տիտղոս են նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023