Սևիլիա – Բետիս. անդալուսական դերբիի ամենաանվանի ֆուտբոլիստները
Անդալուսական դերբին իսպանալան ֆուտբոլի կարևորագույն հանդիպումներից մեկն է։
Զարմանալի չէ, որ «Սևիլիայի» և «Բետիսի» գույների հանդեպ սերն ուժեղ է ինչպես երկրպագուների, այնպես էլ երկու ակումբների ֆուտբոլիստների մոտ։
Այժմ կներկայացնենք անդալուսական դերբիի պատմության ամենաանվանի ֆուտբոլիստներին։
Խոակին Սանչես («Բետիս» – 2000-2006 թթ., 2015 թվականից մինչ օրս)
Ոչ ոք այդքան լավ չի ներկայացնում «Բետիսի» ուժն ու գույները, որքան Խոակինը։ Նա ոչ միայն «վարունգների» ներկայիս ավագն է, այլև ակումբի երկրպագուն և բաժնետերերից մեկը։
Խոակինը 27 անգամ մասնակցել է անդալուսական դերբիների, սակայն ամենահիշարժանը, միանշանակ, 2018/19 մրցաշրջանում կայացած հանդիպումն է, երբ վետերան ֆուտբոլիստը, 75-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, 81-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեց «Բետիսին»։
Նշենք, որ Խոակինը տարբեր ակումբների կազմում «Սևիլիայի» դեմ անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Խոսե Անտոնիո Ռեյես («Սևիլիա», 2000-2004 և 2012-16 թթ.)
Խոսե Անտոնիո Ռեյեսը, ինչպես Խոակինը, մանկուց իր հարազատ ակումբի երկրպագուն է եղել։
Ռեյեսը, անցնելով «Սևիլիայի» մանկապատանեկան բոլոր թիմերով, դարձել էր անդալուսական դերբիների ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Ռեյեսը 17 հանդիպում է անցկացրել «Բետիսի» դեմ և դարձել 5 գոլի հեղինակ ու այդ ցուցանիշով 21-րդ դարում անդալուսական դերբիների լավագույն ռմբարկուն է։
Ցավոք, 2019 թ. հունիսի 1-ին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարն ընդամենը 39 տարեկան հասակում խլեց Խոսե Անտոնիո Ռեյեսի կյանքը։
Բետո («Սևիլիա» – 2013-16 թթ.)
Եվրոպա լիգայի 2013/14 խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում անդալուսական ակումբները բախվեցին միմյանց դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալվելիս հաղթեց 2:0 հաշվով, սակայն պատասխան խաղում «Սևիլիան» Խոսե Անտոնիո Ռեյեսի ու Կարլոս Բակայի գոլերի շնորհիվ վերականգնեց ընդհանուր հաշիվը։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց ընդհանուր 2:2 հաշվով, ինչից հետո «Սևիլիան» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարով։
«Վիճակախաղի» հերոս դարձավ «կարմրասպիտակների» դարպասապահ Բետոն, ով հետ մղեց մրցակցի ֆուտբոլիստների երկու հարված ու իր թիմին պարգևեց մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հետագայում «Սևիլիան» պայքարից դուրս թողեց նաև «Պորտուին» ու «Վալենսիային», իսկ եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց «Բենֆիկային»` նվաճելով Եվրոպա լիգայի 3 անընդմեջ տիտղոսներից առաջինը։
Դանի Ալվես («Սևիլիա» – 2002-08 թթ.)
Նախքան «Բարսելոնա» տեղափոխվելը,Դանի Ալվեսն արդեն փայլում էր «Սևիլիայի» կազմում` վայելելով «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում հավաքվող երկրպագուների մեծ սերը։
Ալվեսը «Սևիլիայի» հետ մասնակցել է անդալուսական 12 դերբիի և այդ ընթացքում տոնել 6 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել ընդամենը 2 պարտություն։
Հատկանշական է, որ Ալվեսը «Բետիսի» դեմ խաղերում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Լուիս Արագոնես («Բետիս» – 1961-64 թթ.)
Լուիս Արագոնեսն առավել հայտնի է «Ատլետիկո Մադրիդի» կազմում ունեցած հաջողություններով, սակայն նա 3 արդյունավետ մրցաշրջան է անցկացրել «Բետիսում»։
Արագոնեսը նույնպես դերբիների վարպետ էր, ով «Բետիսում» անցկացրած տարիների ընթացքում 6 անգամ գրավել է «Սևիլիայի» դարպասը։
Անդալուսական դերբիում Արագանոեսի պերֆորմանսներից կարելի է առանձնացնել 1962/63 մրցաշրջանի հանդիպումը, երբ նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Բետիսը» հաղթեց 2:1 հաշվով։
Հատկանշական է, որ Արագոնեսն իր կարիերայի տարբեր փուլերում մարզել է ինչպես «Բետիսը», այնպես էլ «Սևիլիան»։
# El Gran Derbi, laliga, անդալուաական դերբի, Բետիս, Բետո-Սևիլիա, Դանի Ալվես, Լա-լիգա, Լուիս Արագոնես, Խոակին Սանչես, Խոսե Անտոնիո Ռեյես, Սևիլիա