ՕԽ. Իսպանիան թրիլլերային պայքարում հաղթեց Կոտ դ’Իվուարին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Տոկիո-2020-ի ֆուտբոլի մրցաշարում մեկնարկեց փլեյ-օֆֆ փուլը։
Մրցաշարի ֆավորիտներից` Իսպանիայի օլիմպիական հավաքականը, 1/4 եզրափակչի շրջանակում «Միյագի» մարզադաշտում մրցեց Կոտ դ’Իվուարի հավաքականի դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին աֆրիկացիները անկյունայինի խաղարկումից հետո Էրիկ Բայիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
«Ֆուրիա Ռոխայի» պատասխանը չուշացավ. 30-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Դանի Օլմոն։
35-րդ րոպեին Կոտ դ’Իվուարի օլիմպիական հավաքականը կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Յուսուֆ Դաոյի հարվածից հետո Ունայի Սիմոնը փրկեց Իսպանիային։
43-րդ րոպեին էլ Իսպանիան հաշիվը դարձրեց 2:1, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Վալենսուելան, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չարձանագրեց Միկել Օյարսաբալի խփած գնդակը։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Լուիս դե լա Ֆուենտեի սաներն ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, իսկ իվուարցիներն անձնուրաց պաշտպանվում էին։
Երկար ժամանակ «կարմիրներին» չէր հաջողվում օգտվել տարածքային առավելությունից, ինչի համար պատժվեցին. 90+1-րդ րոպեին իսպանացիները սեփական կիսադաշտում սխալ թույլ տվեցին, ինչի արդյունքում Սուալիո Հայդարայի սաները գոլային գրոհ անցկացրին, իսկ Մաքս Գրադելն առաջ մղեց իր հավաքականին։
Թվում էր` վերջ Իսպանիայի հավաքականն այլևս ժամանակ չի ունենա խաղը փրկելու համար, սակայն հաջորդ իսկ գրոհին 90+3-րդ րոպեին «ֆուրիա Ռոխան» խփեց պատասխան գնդակը, որն իր ակտիվում գրանցեց ընդամենը վայրկյաններ առաջ փոխարինման դուրս եկած Ռաֆա Միրը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում Իսպանիան որևէ շանս չտվեց մրցակցին, որն ընկճված տեսք ուներ խաղի այդ ժամանակահատվածում։
Նախ 98-րդ րոպեին Միկել Օյարսաբալը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հաշիվը դարձրեց 3:2, ապա խաղավարտին մոտ` 117-րդ ու 120-րդ րոպեներին, Ռաֆա Միրը ևս երկու գնդակ ուղարկեց Էլիզիեր Տապեի դարպասը։
Ինքը` Միրը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ` ձևակերպելով նաև հանդիպման վերջանական հաշիվը` 5:2։
Այսպիսով, Իսպանիայի օլիմպիական հավաքականը, թրիլլերային սցենարով ընթացած խաղում, 5:2 հաշվով առավելության հասավ Կոտ դ’Իվուարի նկատմամբ և նվաճեց Տոկիո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Օլմո, Էրիկ Բայի, Իսպանիայի օլիմպիական հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե, Մաքս Գրադել, Միկել Օյարսաբալ, Ռաֆա Միր, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր