Լևանդովսկու համար անպարտելի մրցակիցներ չկան, իսկ Բայերը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում🎥
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում ավարտվեց 12-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպմանը «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։
«Գայլերը», որոնք մինչ այս խաղը, անպարտելի էին լուրջ անախորժություններ պատճառեցին ահեղ մրցակցին։ Հանդիպման հյուրերը 5-րդ րոպեին Մաքսիմիլիան Ֆիլիպի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Խփած գոլից հետո Օլիվեր Գլասների սաները կարող էին բավականին արագ կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն 13-րդ րոպեին Յոսիպ Բրեկալոյի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։ 16-րդ րոպեին, ի վերջո, «Վոլֆսբուգրի» ֆուտբոլիստները կրկնապատկեցին հաշվի տարբերությունը, սակայն Վաութ Վեգորստի գնդակը չեղարկվեց՝ արձանագրվելով խաղից դուրս վիճակ։
Դրանից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից մեկն էլ 45+1-րդ րոպեին վերածեցին գոլի․ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։
Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց տանտերերի խփած գոլով․ 50-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Լևանդովսկին, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում խփում է արդեն 15-րդ գոլը և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։
85-րդ րոպեին «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները հիանալի պահ ունեին, որպեսզի հավասարեցնեին հաշիվը, սակայն Բարտոշ Բյալեկի հարվածից հետո «Բավարիային» փրկեց Մանուել Նոյերը։
«Բավարիան» հաղթեց 2։1 հաշվով՝ Կեն Կաստելսի դարպասին հարվածելով ընդամենը 2 անգամ, որոնք էլ վերածվեցին գոլերին։ Համեմատության համար նշենք, որ «գայլերի» ֆուտբոլիստները Մանուել Նոյերի դարպասին հարվածել են 7 անգամ։
Մյունխենյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Վոլֆսբուրգը», ընթացիկ մրցաշրջանում կրելով առաջին պարտությունը, մնաց 21 միավորով՝ նահանջելով 5-րդ հորիզոնական։
Աչք շոյող, տպավորիչ, հարձակվողական, ինչ-որ տեղ նաև անկասելի ֆուտբոլ է ցուցարդրում նաև «Բայերը»։
Պետեր Բոսի սաների «զոհն» այս անգամ հետնապահների թվում ընթացող «Քյոլնն» էր, որին Լևերկուզենրը ներկայացնող ակումը հյուրընկալվելիս հաղթեց 0։4 հաշվով։ «Բայերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Միտչել Վայզերը, Մուսա Դիաբին, Պատրիկ Շիկը և Ֆլորիան Վիրցը։
Լևերկուզենցիները անցկացրած 12 խաղից հետո վաստակել են 28 միավոր և շատերի համար անսպասելիորեն գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Այս ընթացքում «Բայերը» չի կրել դեռևս ոչ մի պարտություն և առաջնության շրջանակում այդ ցուցանիշով արդեն միակն է։ «Քյոլնը» 10 միավորով 15-րդն է։
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Մանուել Նոյեր, Մաքսիմիլան Ֆիլիպ, Միտչել Վայզեր, Մուսա Դիաբի, Պատրիկ Շիկ, Պետեր Բոս, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆլորիան Վիրց