Մելիքյան. «Ընկերովի եկել են հավաքական, ընկերովի` գնացել»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կիպրոսի թիմի դեմ կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանի ու «Բարակաս Սենթրալի» վինգեր Նորբերտո Բալեկյանի մասին։
– Շատ է քննարկվում Թոմաս Ադորյանին հավաքական չհրավիրելու հարցը։ Արդյո՞ք կա անձնագրի խնդիր կամ երկար ճանապարհի։ Ինչո՞ւ հավաքական չի գալիս նաև Նորբերտո Բալեկյանը։
– Արգենտինացիների հետ միշտ այս խնդիրը եղել է, քանի որ նրանք մեզ միանում են խաղից միայն երեք օր առաջ։ Ադորյանը լավ ֆուտբոլիստ է, բայց հաշվի ենք առնում օրերի կորուստն ու ադապտացիան։ Որոշեցինք նրա փոխարեն հրավիրել այլ ֆուտբոլիստների, որոնք ադապտացված են տեղի ֆուտբոլին, բայց Ադորյանը մեր լայն ցանկում է, ուստի, հնարավոր է, գարնանը նրան հրավիրենք։
Ինչ վերաբերում է Բալեկյանին, մենք հրավիրել ենք նրան, բայց չի ուզել գալ։ Խնդիրը, հավանաբար, նաև Լուկասի (խմբ.` Սելարայան) բացակայությունն է։ Դա նրանց խնդիրն է։ Ընկերովի եկել են հավաքական, ընկերովի` գնացել։
Նորբերտո Բալեկյանը Հայաստանի հավաքականում 18 խաղ է անցկացրել, կատարել 1 ասիստ։ 30-ամյա եզրայինն ազգային թիմում վերջին հանդիպումն անցկացրել է 2024թ. մարտի 26-ին։
Թոմաս Ադրոյանը 2025թ. հունիսին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Կոսովոյի (2:5) և Չեռնոգորիայի (2:2) թիմերի հետ ընկերական հանդիպումներին։
Լուկաս Սելարայանը հավաքականում մրցելույթներն ավարտել է 2025թ. հոկտեմբերին, որի կազմում 26 խաղում գրանցել է 5 գոլ ու 3 ասիստ։
Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Եղիշե Մելիքյան, Թոմաս Ադորյան, Լուկաս Սելարայան, Կիպրոսի հավաքական, Հայաստան - Կիպրոս, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան