Պաշտոնական. Հարվի Սարաջյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում 📸
Պաշտոնական. Հարվի Սարաջյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում 📸
10/11/2026 - 10:42

ՄԼՍ-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» վինգեր Հարվի Սարաջյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ ազգային թիմում ներկայացնելու գործում․

«Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավական տպավորիչ էր։ ՄԼՍ-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։

Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։

Շաբաթ և կիրակի անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։

Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը»։

Յուրա Մովսիսյանը շատ բարձր է գնահատել Սարաջյանի խաղային որակները․

«Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ ՄԼՍ-ում խաղալը հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավական արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։ Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նույնպես խոսել է Սարաջյանի մասին.

«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»։

ՀՖՖ-ն զրուցել նաև Սարաջյանի հետ, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում․

«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։

Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում` նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։

Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»։

Սարաջյանը ծնվել է 2005թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի Նեյպլես քաղաքում (Ֆլորիդա նահանգ)։ Նա կարիերայի սկզբում խաղացել է համալսարանական թիմերում, իսկ 2025թ. դեկտեմբերին դրաֆթով տեղափոխվել է «Օռլանդո Սիթի»։ ԱՄԼ-ի ավարտվող մրցաշրջանի 12 խաղում հայ ֆուտբոլիստը խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Ձախ վինգերը ևս 7-ական գոլ ու ասիստ էլ գրանցել է ակումբի երիտասարդական թիմում անցկացրած 16 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026