Իտալիայի գավաթ. Պիռլոյի Սամպդորիան պայքարից դուրս է թողել Ֆաբրեգասի Կոմոյին 🎥
Մեկնարկել է Իտալիայի գավաթի 2024/25 խաղարկությունը, որի 1/32 եզրափակիչից պայքարն են սկսել նաև Ա սերիան ներկայացնող մի շարք ակումբներ։
Բարձրագույն խմբի նորեկ «Կոմոն» Ջենովայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտուն հյուրընկալվելիս մրցեց Բ սերիայում հանդես եկող «Սամպդորիայի» դեմ։
Կողմերը համառ պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց «Սամպդորիայի» կիպրոսցի պաշտպան Նիկոլաս Իոանուն, որի «Կոմոն» 44-րդ րոպեին պատասխանեց իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեի դիպուկ հարվածով։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Սամպդորիայի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4:3 հաշվով։
Վճռորոշ դարձան «Կոմոյի» ֆուտբոլիստներ Սիմոնե Վերդիի ու Մաթիաս Բրաունոդերի վրիպումները, որոնց հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այսպիսով, «Սամպդորիան» դուրս եկավ 1/16 եզրափակիչ և լիգուրյան դերբիի շրջանակում մրցելու է «Ջենոայի» դեմ։
Հիշեցնենք, որ «Սամպդորիան» մարզում է իտալական ֆուտբոլի լեգենդ, «Միլանի», «Յուվենտուսի», «Ինտերի» ու Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն։ «Կոմոն» էլ ղեկավարում է «Բարսելոնայի», «Արսենալի», «Չելսիի», «Մոնակոյի» ու Իսպանիայի հավաքականի անվանի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։
Հավելենք, որ Ա սերիան ներկայացնող ակումբներից 1/16 եզրափակիչ են անցել նաև «Տորինոն», «Էմպոլին», «Մոնցան», «Նապոլին» և «Ուդինեզեն», իսկ «Պարման», «Վերոնան» ու «Վենեցիան» լքել են պայքարը։
Ա սերիայի նախորդ խաղարկության 1-7-րդ տեղերը գրաված ակումբները` «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը», «Ատալանտան», «Բոլոնիան», «Ռոման», «Լացիոն» և «Ֆիորենտինան» Իտալիայի գավաթում մրցելույթն սկսելու են 1/8 եզրափակիչից։
Ավելացնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության գործող հաղթողը Թուրինի «Յուվենտուսն» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Անդրեա Պիռլո, Իտալիայի-Գավաթ, Կոմո, Նիկոլաս Իոանու, Պատրիկ-Կուտրոնե, Սամպդորիա, Սեսկ Ֆաբրեգաս, Սիմոնե Վերդի