ՉԼ․ վճռորոշ խաղային օր

ՉԼ․ վճռորոշ խաղային օր

27/11/2019 - 13:00

Երեկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը։ Այսօր կկայանա խաղային երկրորդ օրը, որը կարող է վճռորոշ դառնալ E, F, G, H խմբերի բոլոր ներկայացուցիչների համար։ Ներկայացնում ենք այսօրվա հանդիպումների անոնսն ու միասին կփորձենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում այս խմբերում։

Խումբ E

«Լիվերպուլ» – «Նապոլի» 23։55

«Գենկ» – «Զալցբուրգ» 23։55

E խմբում ընդգրկված է Չեմպիոնների լիգայի ամենահետաքրքիր և ամենաահարձակվողական ֆուտբոլ խաղացող թիմերից մեկը՝ «Զալցբուրգը», որը կարող է ցանկացած թիմի տխրեցնել և միավորներ խլել, սակայն այս մրցաշարում խանգարեց փորձի պակասը։ Բայց, ակնհայտ է, որ այս թիմի առաջատարներ Էրլինգ Հալանդը, Տակումի Մինամինոն, Հի Չհան Հվանը, Դակա Պատսոնը և այլք այս մրցաշրջանում պարզապես ֆուռոր են անում և գրավել են բազմաթիվ թոփ թիմերի ուշադրության կենտրոնը։

Այսօր «Զալցբուրգը» հյուրընկալվելու է խմբի հետնապահ «Գենկին», որին առաջին տուրում սեփական հարկի տակ ջախջախել էր 7։2 հաշվով։ Հաղթանակի դեպքում ավստրիացիները կարող են նվազագույնի հասցնել միավորների տարբերությունը «Նապոլիի» նկատմամբ, քանի որ այս խաղին զուգահեռ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» մրցելու է «Նապոլիի» դեմ։ «Լիվերը», միանաշանակ, այս խաղի ֆավորիտն է հատկապես, որ շարք է վերադարձել Մոհամեդ Սալահն, իսկ Անչելոտիի թիմում խնդիրների պակաս չկա։

Խումբ F

«Բարսելոնա» – «Բորուսիա Դորտմունդ» 23։55, «Արմենիա» ՀԸ

«Սլավիա Պրահա» – «Ինտեր» 23։55

F խմբում իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ Միլանի «Ինտերն»՝ անիմաստ միավորներ բաժանելով թե՛ «Սլավիայի» դեմ առաջին խաղում և թե՛ «Բորուսիայի» դեմ երկրորդ խաղում, այդ պատճառով էլ բավականին բարդացել է «ներաձուրիների» մրցաշարային վիճակը և, հավանական է, որ դուրս չեն գա խմբից։

«Սլավիա Պրահան» անցկացրած բոլոր 4 հանդիպումներում էլ ապացուցել է, որ իրենց հաղթելը հանաք-մասխարա չէ և պետք է լուրջ մոտենալ այս թիմին։ «Ինտերն» այսօր չհաղթելու դեպքում կարող է մոռանալ Չեմպիոնների լիգայի գարնանային հատվածի մասին։

Իսկ «Բարսելոնան» նույնիսկ իր անշուք խաղով առանց խնդիրների պետք է որ դուրս գա փլեյ-օֆֆ։ Այսօր հաղթանակի դեպքում դա կայացած փաստ կլինի, քանի որ որքան էլ «Բարսան» խաղային խնդիրներ ունենա, միևնույնն է Լեո Մեսսին կրկին կանցնի գործի հատկապես, որ այսօր նա «Բարսայի» կազմում 700-րդ հանդիպումն է անցկացնելու, իսկ «Բորուսիան» չի կարողանում վերգտնել իր նախորդ մրցաշրջանի խաղը և աչքի է ընկնում ոչ ստաբիլ մրցելույթներով։

Խումբ G

«Զենիթ» – «Լիոն» 21։55

«Լայպցիգ» – «Բենֆիկա» 23։55

Եկեք անկեղծ լինենք․ այս խմբում «Լայպցիգից» բացի հավաքվել են Եվրոպա լիգայի մակարդակի թիմեր․ «Զենիթը» չի արդարացնում սպասելիքները, «Բենֆիկան» իր ոճի մեջ է, «Լիոնը» բազմաթիվ խնդիրներ ունի և միայն «Լայպցիգն» ունի վստահ տեսք և Յուլիան Նագելսմանի սաները վստահաբար շարժվում են առաջ։

Որքան էլ «Զենիթը» լավ հանդես գա ՌՊԼ-ում, որքան էլ ունենա որակյալ ֆուտբոլիստներ և երկար պահեստային նստարան, միևնույնն է այդ ամենը որակ է ապահովում միայն ներքին առաջնությունում։ Անցկացրած նախորրդ 4 հանդիպումներից միայն մեկում են Սերգեյ Սեմակի սաները խաղացել այն խաղը, որը միշտ ակնկալվում է նրանցից։ Եվ այսօր սեփական հարկի տակ «Լիոնին» չհաղթելու դեպքում, պետերբուրգցիները գործնականում կզրկվեն 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Այսօր «Լայպցիգը» կարող է այս խմբի հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանել։ Գերմանական թիմն իր խաղով ապացուցել է, որ կարող է պայքարել ցանկացած թիմի դեմ, և պատմության մեջ երկրորդ անգամ մասնակցելով չեմպիոնների լիգայի խմբային փուլին, առաջին անգամ, ամենայն հավանականությամբ, դուրս կգա փլեյ-օֆֆ։

Խումբ H

«Վալենսիա» – «Չելսի» 21։55, «ArmeniaPremium» ՀԸ

«Լիլ» – «Այաքս» 23։55

Եվ վերջապես վերջին խումբը, որտեղ շատերի համար անսպասելիորեն երկու ակնհայտ ֆավորիտների հետ հավասար պայքար մղեց «Վալենսիան»։ Սակայն, այս խմբում և՛ «Այաքսը», և՛ «Չելսին» իրենց խաղով ապացուցել են, որ միանշանակ արժանի են դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ։ «Վալենսիան» պարզապես օգտվեց «Այաքսիի» և «Չելսիի» երկու ոչ-ոքիներից և «Լիլի» դեմ վաստակած 4 միավորից, ինչն էլ նրանց հնարավորություն տվեց հավասար պայքար մղել առաջատարների հետ։ Սակայն, սպասվում է, որ այսօր երկու թիմերն էլ կամրագրեն իրենց տեղը փլեյ-օֆֆում ։

Ֆրենկ Լեմպարդը լոնդոնյան ակումբում իսկական հեղափոխություն է անում։ Մրցաշրջանից առաջ շատերն այս թիմին պարզապես թաղում էին, սակայն Լեմպարդի գալով, «ազնվականները» նոր շունչ են ստացել։ Անգլիացի մասնագետը շատերիս համար անծանոթ երիտասարդ խաղացողների բացահայտեց, ովքեր այսօր տոն են տալիս «կապույտների» կազմում, ովքեր ֆուտբոլի ապագան են։

Եթե «Վալենսիայի» դեմ առաջին խաղում «Չելսին» դեռևս չուներ այն ստաբիլությունն ու խաղակցվածությունը, ապա այսօր այդ խնիրը թիմի ներսում չի նկատվում, իսկ թիմի առաջատարները գտնվում են հիանալի մարզավիճակում։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ հզոր ակումբ կստանա Լեմպարդը, երբ որոշ խաղային դիրքերում համալրումներ կատարվեն։ Ֆուտբոլային աշխարհում նոր լեգենդար մարզիչ է ի հայտ գալիս։

Իսկ «Այաքսը» վաճառելով իր առաջատարներին՝ միևնույնն է խաղում է այն գրավիչ ու դինամիկ ֆուտբոլն, որը ցուցադրում էր նախորդ մրցաշրջանի վերջնամասում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ «Այաքսի» այդ հաջողությունները պատահականություն չէին և այն մասին, որ ամստերդամյան ակումը խաղային առումով կախում չունի որոշ խաղացողներից։ Էրիկ Տեն Հաագն այնպիսի թիմ է ստացել, որի անդամները պարզապես ցանկանում են մեռնել խաղադաշտում՝ պայքարելով ցանկացած միլիմետրի համար։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023