Ասլանյան. «Այս մեդալն ինձ համար շատ մեծ արժեք ունի»
Ասլանյան. «Այս մեդալն ինձ համար շատ մեծ արժեք ունի»
28/10/2026 - 15:51

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալակիր դառնալուց հետո Կարեն Ասլանյանը (63 կգ) «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ամփոփել է իր մրցելույթը։

– Աշխարհի չեմպիոն, շնորհավորում եմ, շատ երկար սպասված հաղթանակ էր, քեզ համար այս մեդալն ի՞նչ արժեք ունի և ինչքա՞ն էիր սպասել։

– Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Այս մեդալն ինձ համար շատ մեծ արժեք ունի։ Այս մեդալը շատ մարդիկ են սպասել, շատ մարդկանց օգնությամբ է այս ամեն ինչը եղել՝ իմ ընկերների, իմ թիմակիցների, մարզիչների, իմ ընտանիքի։ Բոլորին շատ շնորհակալ եմ, շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Սամվել Գևորգյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են, սպասել են, բոլոր-բոլորին, ովքեր սպասել են այս հաղթանակին ու միշտ ինձ աջակցել են, բոլորին շատ շնորհակալ եմ:

– Ժամանակից շուտ չորս հաղթանակ տարար և եզրափակչում էլ սկզբում չորս միավոր տվեցիր, բայց հաղթեցիր: Ամեն պահի հավատացե՞լ ես, որ կարող էիր հաղթել, որովհետև այս անգամ ոչ մրցավարների հետ էիր վիճում, ոչ մի դժգոհություն չկար։ Միգո՞ւցե հենց դա էր պատճառը, որ ամենաուժեղին ոչինչ չի կարող խանգարել:

– Մեկնելուց առաջ ասեցի, չէ՞, որ այս անգամ ավելի սառնասիրտ եմ լինելու, ավելի հանգիստ եմ լինելու: Իրականում այս անգամ տարբերվում էր ամեն ինչ նրանով, որ ես ավել մտքեր չունեի, դուրս էի գալիս իմ գործն անելու, ու ինձ թվում է՝ դրանով տարբերվեց այս առաջնությունն ինձ համար, ու նույնիսկ եզրափակիչից առաջ էլ, որ արդեն մի քիչ այսպես ինչ-որ զգում էի, որ պետք է հաղթեմ վերջին գոտեմարտը չեմպիոն դառնալու համար, այդ մտքերը ստացվեց չեղարկել։ Ինձ թվում է, որ այս անգամ շատ հանգիստ էի։

Հիշեցնենք, որ 31-ամյա Ասլանյանը մրցաշարի եզրափակիչում 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհադ Մամադլիին` կարիերայում առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026